Թաիլանդի ոստիկանության նախկին գնդապետը, ով ստացել է «Ջո Ֆերարի» մականունը՝ շքեղ ավտոմեքենաների իր հավաքածուի համար, հինգ ենթակաների հետ միասին ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվող անձի խոշտանգման եւ սպանության համար, որից նրանք փորձում էին գումար շորթել։

Անցյալ տարվա օգոստոսի 5-ին կասկածյալի վրա կատարված հարձակման տեսանյութը, որը սոցցանցերում տեղադրվել էր փաստաբանի կողմից, հանրային դժգոհության ալիք բարձրացրել:

Տեսանյութում երեւում է, որ գնդապետ Տիտիսան Ուտանաֆոնը հրահանգում է մյուս սպաներին հարձակվել կասկածյալ Ջիրապոնգ Թանապատի վրա, երբ նրան ձեռնաշղթաներով եւ գլխին սեւ պոլիէթիլենային տոպրակով սենյակ են բերում: Սպաները 24-ամյա Ջիրապոնգին գցում են հատակին եւ նոր պարկեր հագցնում նրա գլխին։ Այնուհետեւ սպաներից մեկը կարճ ժամանակով կանգնում է Ջիրապոնգի վրա, ինչից հետո նա կորցնում է գիտակցությունը: Տղամարդուն վերակենդանացնելու անհաջող փորձերից հետո նրան հիվանդանոց են ուղարկում:

Կանխամտածված սպանության եւ խոշտանգումների կամ դաժանության համար դատապարտված վեց ամբաստանյալները սկզբում մահապատժի էին դատապարտվել, սակայն պատիժը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ՝ զոհին վերակենդանացնելու նրանց ջանքերի եւ նրա ընտանիքին փոխհատուցում տրամադրելու համար: Յոթերորդ սպան, որը հարձակման պահին սենյակում չէր, հինգ տարի 4 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ իշխանության չարաշահման եւ շորթման համար։