Հայաստանում ուզում են նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու տուգանքը։ Այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակներից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով, գործող կանոնակարգի համաձայն՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու համար նախատեսված է 100 000 դրամ տուգանք։
«Մենք կարծում ենք, որ տուգանքի այս չափը չի համապատասխանում արարքի էությանը եւ վտանգավորությանը։ Այս կարգավորումը հակասում է նաեւ ընդունված բարեփոխումներին, որոնց համաձայն՝ 30 000 դրամից ավելի տուգանքները հավասարեցվում են քրեական պատասխանատվության»,- պարզաբանեց պատգամավորը։
Այս կապակցությամբ պատգամավորներն առաջարկեցին այլ կարգավորում, ըստ որի՝ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդն ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարումից, սակայն այն պայմանով, որ խախտման մասին արձանագրություն կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում խախտումը վերացվի։
«Այսինքն՝ 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու դեպքում վարորդը կվճարի 25 000 դրամ տուգանք»,- նշեց Խաչատրյանը։
Պատգամավորը նաեւ խոստովանեց, որ ի սկզբանե նախատեսվում էր տրամադրել 48 ժամ, սակայն Կառավարությունն առաջարկել է այդ ժամանակը կրճատել մինչեւ 24 ժամ։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։





























