Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները եւ, հետեւաբար, սահմանը չի բացվի։ Նման կարծիք է հայտնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջազգային հարցերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։ Ինչպես հայտարարել է նա հոկտեմբերի 22-ին կայացած մամլո ասուլիսում, չնայած այն բանին, որ Անկարային ձեռնտու է բացել Հայաստանի հետ սահմանը, նրան առավել ձեռնտու է լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ։
Այն, ինչ այսօր կատարվում է Բաքվի ու Անկարայի հարաբերություններում, Կարապետյանի գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան «հմուտ համագործակցության» դրսեւորում։ Նա պարզաբանել է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, իսկ վերջինս էլ իր հերթին այդ ճնշումը ցույց է տալիս նրանց, ովքեր կոչ են նրան վավերացնել արձանագրությունները։ «Վավերացման ձգձգման գործընթացը կընթանա հենց այդ հիմնավորմամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ Անկարան իր հերթին կսկսի ճնշում գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա, որպեսզի վերջիններս արագացնեն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացը։
Կարապետյանը նշել է, որ հայկական կողմն էլ թաքուն հույս է փայփայում, որ Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրությունները։




























