Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքները եւ ցույցերը կվերսկսի այն ժամանակ, երբ դրանք անխուսափելի կդառնան։ Այդ մասին հոկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսին հայտարարել է ՀԱԿ-ի միջազգային հարցերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։
Նրա խոսքով, ՀԱԿ-ն այսօր ԶԼՄ-ների միջոցով այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած իր դիրքորոշումը հասցնում է հանրությանը։ Մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այն միտքը, թե ՀԱԿ-ի պասիվությունը պայմանավորված է նրանով, որ հայ-թուրքական հարբերությունների մասին նրա տեսակետները լիովին համընկնում են իշխանության տեսակետի հետ, Կարապետյանը նշել է, որ սա, ամենայն հավանականությամբ, խոսում է Ալավերդյանի՝ արտախորհրդարանական ուժին «ցավ պատճառելու» ցանկության մասին։
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» հանդես են գալիս միեւնույն դիրքերից, երկուսն էլ պահանջում են նախագահի հրաժարականը, եւ Լարիսա Ալավերդյանի խոսքերը չարժե ընդունել որպես «Ժառանգութան» տեսակետ, քանի որ նա այդ քաղաքական ուժի անդամ չէ։
Ինչ վերաբերում է ՀՅԴ հայտարարությանն այն մասին, որ նրանք չեն պատրաստվում պահանջել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, որպեսզի իշխանության չգա Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմադիր գործիչը նկատել է, որ դա ազգի՝ պետության ղեկավար ընտրելու իրավունքի հանդեպ անահարգալից վերաբերմունքի դրսեւորում է։ Նրա խոսքով, նախագահի հրաժարականը նշանակում է նոր ընտրությունների անցկացում, եւ նախագահ կդառնա նա, ում ձայն կտա ժողովուրդը։




























