Թուրքմենստանի խանութներում կատարվել են ստուգայցեր, որոնց ընթացքում առեւտրի կետերի տերերից պահանջել են վաճառքից հանել դեկորատիվ կոսմետիկան՝ շրթներկեր, եղունգների լաքեր եւ թարթիչների ներկեր։ Այս մասին տեղեկացրել է «Хроника Туркменистана» պորտալը։

Տեղեկացվել է, որ խանութներից ստիպել են հավաքել բյութի-միջոցները, որոնք կարող են վնասել սպառողների «առողջությանն ու արտաքին տեսքին»։ Հարցման ենթարկված վաճառողները եւ գնորդները նշել են, որ ստուգողները հստակ հրահանգներ չեն ունեցել, թե որ առարկաների հանդեպ են իշխանությունները սահմանափակումներ մտցրել։ Նշվել է, որ շամպունը, մարմնի գելերը եւ քսուքները թույլատրել են վաճառել։

Հայտնի է դարձել նաեւ, որ ապրիլին Թուրքմենստանի իշխանությունները ուսանողուհիների եւ աշակերտուհիների, ինչպես նաեւ բյուջետային եւ պետական հաստատությունների աշխատակցուհիների ժողովներ են կազմակերպել։ Դրանց ժամանակ նրանք պատմել են ազգային ավանդույթներին հետեւելու անհրաժեշտության մասին։ Նշված հանդիպումների ժամանակ խոսվել է նաեւ մազերը ներկելու, դիմահարդարման, թարթիչները եւ եղունգները երկարացնելու, շրթները հաստացնելու եւ առհասարակ դիմահարդարում կատարելու անթույլատրելիության մասին։

Ապրիլին Թուրքմենստանի իշխանությունները փորձել էին արգելել գեղեցկության ներարկումները, թարթիչներ երկարացնելը եւ մի շարք այլ կոսմետիկական միջամտություններ։ Նշվել էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նախատեսում են տուգանքներ մտցնել 300-500 թուրքմենական մանաթի չափով բոտոքսի, ուրվագծող պլաստիկայի, թարթիչների երկարացման եւ դնովի եղունգների համար։ Բացի այդ, կանայք կարող են կալանավորվել «իրենց մարմնի վրա օտարածին առարկաներ կրելու համար»։