Պարկավոր գայլը (տիլացին), որն ապրում էր Ավստրալիայում 20-րդ դարասկզբին, լիովին անհետացել է 1930-ականներին՝ մայրցամաքում եվրոպացիների հայտնվելուց հետո։ Այսօր գիտությունը հասել է այնպիսի մակարդակի, որ կենսաբանները կարող են վերածնել անհետացած տեսակը, գրել է Planet Today-ը։

Ենթադրվում է, որ վերարտադրողական տեխնոլոգիաների եւ բիոինժեներիայի նորագույն ձեռքբերումները թույլ կտան վերստեղծել անհետացած տեսակները, ինչը կնպաստի կենսաբանական բազմազանության բարձրացմանը։

Մելբուռնի համալսարանին կից ինտեգրացված գենետիկ վերականգնման հետազոտությունների լաբորատորիայի գիտնականները հույս ունեն տիլացինի վերականգնման համար օգտագործել նրա գենոմի նմուշները, որի արդյունքը պետք է լինի կենդանի պարկավոր գայլը։ Նախագծում գործադրվելու են նեղոտն պարկավոր մկները։ Այդ փոքրիկ գազանիկները գենետիկորեն մոտ են անհետացած գիշատչին, ուստի գիտնականները ցանկանում են նրանց բջիջները վերածել տիլացինի բջիջների՝ կիրառելով գենային վերարտադրողականությունը։

Բջիջները, որոնց մասին խոսվում է, կդառնան տիլացինի սաղմն ստանալու հիմքը, որը նախատեսվում է տեղադրել որեւէ պարկավորի մարմնում։ Մասնագետները համոզված են, որ այս ծրագիրը հաջողություն է ունենալու։