Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Բաքվում ընթացող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների համաժողովում անդրադարձել է ՍԾՏՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հեռանկարներին` նշելով համագործակցության ոլորտներում ձեռք բերված նվաճումները:

Հայաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կիրակոսյանը կարեւորել է առանց որեւէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը` որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական: Այդ համատեքստում նա հիշատակել է վերջերս ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունները` որպես նման մոտեցման լավագույն դրսեւորում:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն իր ելույթում անդրադարձել է նաեւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը` նշելով այդ փաստաթղթերի կարեւորությունը տարածաշրջանային եւ, մասնավորապես՝ ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության զարգացման եւ խորացման համար:

Ի դեպ, նախարարների խորհրդի հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից փոխանցվել է Բուլղարիային: