Որքան երկար ձգվի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը, այնքան դա ձեռնտու է իշխանություններին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` այս դեպքում իշխանության օգուտը ակնթարթային է եւ արտահայտվում է հենց երկխոսության առկայության փաստով, իսկ ընդդիմության օգուտը, որն ընդհանրապես հարցական է, կերեւա միայն վերջում` որպես երկխոսության արդյունք:«Իրավիճակում, երբ կողմերը փորձում են միմյանց խեղդել գրկախառնություններով, որեւէ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է: Սակայն իշխանությունը կոնկրետ արդյունք ունի. ողջ գարնանն ու ամռանը նրանք խոսեցին այդ երկխոսության մասին: Իրականում իրավիճակը Հայաստանում շատ նման է այն երկրներում իրավիճակին, որտեղ հեղափոխություններ տեղի ունեցան»,-ասաց քաղաքագետը` մասնավորապես նշելով Եգիպտոսն ու Թունիսը:«Շատ փորձագետներ ենթադրում էին, որ Հայաստանում հնարավոր է թունիսյան սցենարը: Սակայն իշխանություններին հաջողվեց համընդհանուր ուշադրությունը շեղել ՀԱԿ-ի հետ երկխոսության վրա»,-նկատեց Հովհաննիսյանը:Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա փորձագետն այստեղ եւս հեռու է գովասանքներից:
«ՀԱԿ-ը թույլ տվեց իշխանություններին իրեն ներքաշել այդ գործընթացի մեջ, ինչը հանգեցրեց նրան, որ Կոնգրեսը զրկվեց իր կողմնակիցների մի մասից: Մարտ-ապրիլին շատ լարված իրավիճակ էր` պայմանավորված ներքին եւ արտաքին գործոններով, որոնց ֆոնին ՀԱԿ-ից արմատական գործողություններ էին սպասում»,-կարծում է Հովհաննիսյանը:Այդ գործոններից էին, ըստ նրա, գների աճը, սոցիալական տարբեր խմբերի դժգոհությունները եւ այլն: «Ժողովուրդն անկեղծորեն հավատում էր, որ ՀԱԿ-ը ձգտում է լուծել այդ բոլոր խնդիրները, սակայն արդյունքում պարզվեց, որ այդպես չէ: Ժողովուրդը ՀԱԿ-ի ձեռքում ընդամենը իշխանություններին շանտաժի ենթարկելու գործիք էր` նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար: Սա շատերի մոտ հիասթափություն առաջացրեց, ինչը դժվար կլինի հաղթահարել»,-նշեց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ այդ քայլով ընդդիմությունը բաց թողեց հարմար պահը:
Քաղաքագետի կարծիքով` այդ երկխոսությունը նման է «Դու ինձ հարգո՞ւմ ես» ոճի փողոցային անլուրջ խոսակցության, որն ավելի շատ քաղաքական գործարք եւ ուժի ցուցադրություն է հիշեցնում: «Մարդիկ տառապում են, երկրում աղետալի իրավիճակ է, իսկ ՀԱԿ-ն այդպես է վարվում. ժողովուրդը վիրավորվելու իրավունք ունի: Միաժամանակ, այսօր նույն ՀԱԿ-ը հայտարարում է այն մասին, թե միշտ կարելի է ընդհատել երկխոսությունը, սակայն դա համոզիչ չէ: Ժողովուրդը շուն չէ, որին անհրաժեշտ պահին կարելի է «ֆաս», իսկ հետո` «ֆու» ասել: Նման վերաբերմունքը կարող է վիրավորել մարդկանց, եւ եթե ՀՍԿ-ը չընդունի, որ սխալ է վարվել, խիստ կասկածում եմ, որ նրան կհաջողվի նորից փողոց դուրս բերել այնքան մարդ, որքան 2008թ. փետրվարի վերջին»,- կասկած հայտնեց քաղաքագետը:
Խոսելով Հայաստանի ներքաղաքական դաշտում հնարավոր կառուցվածքային փոփոխությունների, մասնավորապես, նոր քաղաքական ուժի ձեւավորման մասին, Հովհաննիսյանը դա հնարավոր համարեց: «Հնարավոր է, սակայն նման զարգացումների հավանականությունը գնահատելուց ձեռնպահ կմնամ: Գոյություն ունի նոր ուժի օբյեկտիվ պահանջ, բայց պատմությունից մեզ հայտնի է, որ ոչ միշտ են օբյեկտիվ նախադրյալները հանգեցնում տրամաբանական արդյունքի: Այսօր ժողովուրդը սոցիալական պահանջ է ներկայացնում, սական ոչ ոք չկա, որ դա կատարի: Արտագաղթը Հայաստանից զանգվածային բնույթ է ստանում միայն այն պատճառով, որ մարդիկ չեն հավատում ոչ իշխանություններին, ոչ նրանց հնարավոր փոխարինողներին»,-նշեց Հովհաննիսյանը:«Ասպարեզում եղած խաղացողները, որքան էլ խորը լինի նրանց միջեւ հակասությունը, չեն ցանկանում, որ նոր մրցակից ի հայտ գա: Այսօր նրանք զբաղված են «խաղանիշերի» հաշվարկով, որոնք նրանց բաժին են ընկնելու հաջորդ խորհրդարանում»,-եզրափակեց քաղաքագետը:




























