ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաջորդ շաբաթ կմեկնի Ասիա՝ հանդիպելու Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ «Մեծ քսանյակի» այլ պետությունների ներկայացուցիչների հետ ՝ փորձելով համախմբել ռուսական նավթի գների սահմանափակման դեմ աջակցությունը: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը:
Սա, որպես Ֆինանսների նախարար, Յելենի առաջին այցն է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան եւ այն կնթանա մշտապես հնչող հարցերի ֆոնին, թե որքանով է արդյունավետ ռուսական նավթի գների սահմանափակումն առանց Հնդկաստանի եւ այլ պետությունների աջակցության, որոնք այժմ էժան ռուսական նավթ են գնում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Յելենը երկկողմ հանդիպումներ կունենա Տոկիոյում հուլիսի 12-13-ը, այնուհետեւ հուլիսի 15-16-ը Բալիում կհանդիպի «Մեծ քսանյակի» ֆինանսական պաշտոնյաների հետ, որից հետո Սեուլում հուլիսի 19-ին բանացություններ կվարի, ասվում է ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Ուղեւորությունը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում Ամերիկայի առաջնորդական դերը վերահաստատելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցությունն ընդլայնելու եւ Չինաստանին արձագանքելու ջանքերն ուժեղացնելու ավելի լայն մղման մի մասն է», - ասվում է հայտարարության մեջ:
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները և «Մեծ յոթնյակի» մյուս հարուստ պետությունները՝ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ Եվրամիությունը, պայմանավորվել են ուսումնասիրել որոշակի գնից բաձր վաճառվող ռուսական նավթի փոխադրման արգելքը:
Մինչ Եվրամիությունը պատրաստվում է փուլային էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա եւ արգելել ծովային ապահովագրությունը ռուսական նավթ տեղափոխող բոլոր լցանավերի համար, Յելենը սահմանափակումը տեսնում է որպես նավթի հոսքը պահպանելու եւ գների աճը կանխելու միջոց, որը կարող է ռեցեսիա առաջացնել: Այս հարցում Վաշինգտոնը բանակցություներ է վարում մի շարք պետությունների հետ:
Որոշ եվրոպացի պաշտոնյաներ սակայն, թերահավատորեն են վերաբերվում սահմանափակման գործարկմանը, հատկապես Հնդկաստանի, Չինաստանի եւ մեծ ծավալներով զեղչով ռուսական նավթ գնող այլ պետությունների բացակայության դեպքում։




























