Fitch միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է ԱՄՆ-ի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԷԴՎ) «ААА» մակարդակում՝ բարելավելով կանխատեսումը՝ բացասականից կայունի, վկայում է գործակալության հաղորդագրությունը։
«Կանխատեսման վերանայումը (բացասականից կայուն) արտացոլում է պետական պարտքի կարճաժամկետ դինամիկայի բարելավումը՝ պայմանավորված տնտեսության վստահ վերականգնմամբ (համավարակից հետո) եւ պետության բարձր եկամուտներով, որոնք, Fitch-ի կանխատեսումներով, կավելանան 19 տոկոսով»,- նշվել է հաղորդագրությունում։
ԱՄՆ-ի վարկանիշը կառուցվածքային առավելություններ ունի, որոնք ներառում են տնտեսության չափը, բնակչության մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը եւ դինամիկ գործարար միջավայրը։ Fitch-ը սպասում է, որ երկրի ՀՆԱ-ն 2022թ. տվյալներով կավելանա 2,9 տոկոսով։ Սակայն Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) մոնետար քաղաքականության կոշտացումը բարձր գնաճի հետ միասին կհանգեցնի երկրի տնտեսության աճի դանդաղման։ Ուստի, 2023թ. գործակալությունն սպասում է, որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կավելանա 1,5, իսկ 2024թ.՝ 1,3 տոկոսով։
Կանխատեսվում է նաեւ, որ գնաճի միջին մակարդակը հաջորդ տարի կկազմի 7,8 տոկոս, 2024թ.՝ 3,7 տոկոս։ Մայիսի արդյունքներով՝ տարեկան գնաճը երկրում արագացել է՝ հասնելով 1981-ից ի վեր առավելագույնին՝ 8,6 տոկոսի (մեկ ամիս առաջ 8,3 տոկոս էր)։
Fitchի կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ի ԴՊՀ-ն ավելի կոշտ մոնետար քաղաքականություն կվարի հունիսից հետո տոկոսադրույքը 75 բազիսային կետով բարձրացնելուց հետո։ Այսպիսով, գործակալության կանխատեսումների համաձայն՝ ԴՊՀ-ի բազային տոկոսադրույքը 2023թ. վերջին կկազմի 3 տոկոս, սպասվում է նաեւ դրա հետագա բարձրացում 2023թ. առաջին եռամսյակում։




























