Եվրամիությունը գազի մատակարարման ոլորտում լուրջ ճգնաժամի է բախվում, բարձր գները եւս երկու տարի կարող են պահպանվել։ Նման կարծիք է հայտնել Bloomberg գործակալության վերլուծաբան Խավիեր Բլասը, որը լուսաբանել է տնտեսական խնդիրները եւ աշխարհում էներգետիկ ռեսուրսների հետ կապված իրավիճակը։
Նրա գնահատականներով՝ Եվրոպայում գազի գներն այժմ մարտյան մակարդակից ցածր են, սակայն շուկայում տիրող իրավիճակը վկայում է «ավելի երկար խափանման» մասին, քան փորձագետները սպասում էին փետրվարին։
«Այն ժամանակ գազի շուկան ակնկալում էր, որ ճգնաժամը կարճատեւ կլինի եւ կտեւի միգուցե մի քանի ամիս, սակայն այժմ ամեն ինչ ազդարարում է ծայրահեղ վտանգի մասին հաջորդ ձմռանը եւ, շատ ավելին 2024 թվականին»,- գրել է Բլասը:
Ուստի կարելի է եզրակացնել, նշել է վերլուծաբանը, որ «գազային ճգնաժամը Եվրոպայում ավելի խորն է, քան թվում է»։
Նրա խոսքով, Բեռլինը մտավախություն ունի, որ օբյեկտում տեխնիկական սպասարկման ավարտից հետո Ռուսաստանը կորոշի փակել «Հյուսիսային հոսք» գազատարը։ Սակայն ավելի հավանական է, որ Ռուսաստանը կշարունակի գազի տարանցումը դեպի Եվրոպա, բայց կպահպանի հոսքը նվազեցնելու կամ դանդաղեցնելու հնարավորությունը:




























