Ֆրանսիական էներգետիկ ընկերություններն սկսել են գազի վառարաններից անցնել մազութով աշխատելուն, որպեսզի խուսափեն աշխատանքի խափանումներից, եթե հետագայում կրճատվեն ռուսական գազի մատակարարումները, գրել է Reuters-ը։

«Մենք անգամ կարող ենք անցնել ածխի, եթե դրա կարիքը լինի։ Նպատակն այն է, որպեսզի խուսափենք գործարանի փակվելուց, եթե բախվենք գազի անբավարարության»,- ասել է անվադողերի առաջատար արտադրողներից մեկի՝ Michelin-ի տնօրեն Ֆլորան Մենեգոն։ Նավթը նախկինի պես հասանելի կլինի որպես այլընտրանք, ավելացրել է նա։

Ամբողջ Եվրոպայում արդյունաբերությունը դիմում է ավելի «կեղտոտ» վառելիքի, քան գազն է՝ ջանալով նվազեցնել վնասները, նշել է պարբերականը։ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը հայտարարել է, որ անպատասխանատու կլիներ դեֆիցիտին չպատրաստվելը։ Նա Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցումը համարել է ամենահավանական սցենարը։

Հանրապետության համար խնդիրն այնքան էլ նշանակալի բնույթ չի կրում, ինչպես եվրոպական շատ այլ պետությունների համար, քանի որ ռուսական գազի բաժինը անհրաժեշտ ծավալում կազմում է 17 տոկոս։