Երկու երկրների միջեւ միջուկային պատերազմը բավական կլինի, որպեսզի աշխարհն ընկղմվի «փոքր սառցե դարաշրջանի» մեջ, նախազգուշացրել են գիտնականները։ Այս մասին գրել է Telegraph-ը։
Հետազոտողները հայտնաբերել են, որ անգամ հակամարտությանը չմասնակցող երկրները կբախվեն անբերքատվության եւ ջերմաստիճանի կտրուկ անկման, քանի որ միջուկային փոթորիկների մոխիրը եւ ծուխը հազարավոր մղոններով կծածկեն արեւը։
Լուիզիանայի եւ Ռութգերսի համալսարանների փորձագետները նախազգուշացրել են, որ միջուկային պայթյունից հետո առաջին ամսում միջին գլոբալ ջերմաստիճանը կընկնի Ֆորենհեյթի 13 աստիճանով, ինչն ավելին է, քան վերջին սառցե դարաշրջանի ժամանակ։
Որքան մոլորակն ավելի սառչի, այնքան ծովի սառույցը կընդլայնվի՝ ավելի քան վեց միլիոն քառակուսի մղոնով, եւ կհասնի 6 ֆուտ խորության որոշ ջրավազաններում՝ փակելով խոշոր նավահանգիստները, ներառյալ Պեկինի Տյանցզին նավահանգիստը, Կոպենհագենը եւ Սանկտ Պետերբուրգը։
Ծովի սառույցը կտարածվի սառցից ազատ մերձափնյա շրջաններում՝ փակելով նավագնացությունը Հյուսիսային կիսագնդում, ինչը կդժվարացնի ուտելիքի եւ այլ ապրանքների առաքումը որոշ քաղաքներ։
Օվկիանոսի լուսավորության եւ ջերմաստիճանի հանկարծակի անկումը, հատկապես Արկտիկայից մինչեւ Հյուսիսային Ատլանտիկա եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մաս, կսպանի ծովային ջրիմուներին, որոնք ծովային սննդի ցանցի հիմնական մասն են կազմում, ինչն առաջ կբերի քաղց օվկիանոսում եւ փաստացի կկանգնեցնի ձկնարդյունաբերությունը։
«Կարեւոր չէ՝ ով է ռմբակոծողը, գուցե Հնդկաստանը եւ Պակիստանը, կամ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը»,- ասել է Լուիզիանայի նահանգի համալսարանի պրոֆեսոր, օվկիանոսագետ Շերիլ Հարիսոնը։ «Հենց որ ծուխը հայտնվի մթնոլորտի վերին շերտերում, այն կտարածվի ամբողջ աշխարհում եւ բոլորի վրա։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի խուսափենք միջուկային պատերազմից։ Հետեւանքներն, ամենայն հավանականությամբ, գլոբալ առումով աղետալի կլինեն»։
Հետազոտությունն առաջինն է, որում գնահատվում է միջուկային զենքի ազդեցությունը եւ մոդելավորվում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի ներգործությունը։ Դիտարկվել է նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պատերազմը։
Հետազոտողները հաշվարկել են, որ անգամ փոքր պատերազմի ընթացքում մթնոլորտի վերին շերտեր կարտամղվի 11-103 մլրդ ֆունտ ծուխ եւ մոխիր, որոնք կփակեն արեւի լույսը։ Գերտերությունների միջեւ պատերազմը կարող է երեք անգամ ավելի վատ լինել։
Օվկիանոսի վերականգնումը, հավանաբար, տասնամյակներ կտեւի մակերեսի եւ հարյուրամյակներ՝ խորության համար, այն դեպքում, երբ արկտիկյան ծովային սառցի փոփոխությունները, հավանաբար, կտեւեն հազարամյակներ եւ փաստացի կդառնան «միջուկային փոքր սառցե դարաշրջան»։
«Միջուկային պատերազմը կհանգեցնի աղետալի հետեւանքների բոլորի համար»,- ավելացրել է Ռուտգերսի համալսարանի պրոֆեսոր Ալան Ռոբոկը։
«Համաշխարհային լիդերները նախկինում՝1980-ականներին, օգտագործում էին մեր հետազոտությունները որպես խթան միջուկային սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու, իսկ հինգ տարի առաջ՝ ՄԱԿ-ում միջուկային զենքի արգելման պայմանագրի ընդունման համար։ Մենք հույս ունենք, որ այս նոր հետազոտությունը ավելի շատ երկրների կմղի վավերացնել այդ պայմանագիրը»։





























