Գլոբալացումը չի ավարտվել, բայց Արեւմուտքը կոչ է անում առանձնանալ Չինաստանից եւ Ռուսաստանից, ինչը կհանգեցնի Երկիր մոլորակի հատվածայնացման՝ առեւտրային եւ ֆինանսական հոսքերի առումով, գրել է Barrons-ը։
Համաշխարհային առեւտրի արժեքը 2021թ.՝ 28,5 տրլն դոլար չափով, նշանակում է 13 տոկոսի ավելացում մինչհամավարակային 2019թ. համեմատ։ Բայց այդ ավելացումը կապված է ներտարածաշրջանային առեւտրի, այլ ոչ թե տարածաշրջանների միջեւ առեւտրի աճի հետ։
Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի համաձայնագիրը, որը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը 2019թ., խթաններ է ստեղծում առեւտրային հոսքերի ավելացման համար։ 2016-2021թթ. ներմուծման եւ արտահանման ընդհանուր արժեքը ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի միջեւ ավելացել է՝ 1 տրիլինից 1,3 տրիլիոն դոլարի հասնելով, ինչը 30 տոկոսով ավելին է, քան հնգամյա ժամանակաշրջանում։
Համավարակի ժամանակ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ամրապնդել են տարածաշրջանային ինտեգրումը՝ ապահովելով իրենց տնտեսությունն արտաքին ուժերից։ Ներտարածաշրջանային առեւտուրը 2021թ. առաջին երեք եռամսյակում ավելացել է ավելի քան 31 տոկոսով, իսկ առեւտուրը Ասիայի ներսում 2020թ. կազմել է տարածաշրջանի ընդհանուր առեւտրի 31 տոկոսը, որն ամենաբարձրն է երեք տասնամյակի ընթացքում։
Պատերազմն Ուկրաինայում սրել է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը մարտին Ռուսաստանից պահանջեց անհապաղ եւ լիովին հեռանալ Ուկրաինայից, 141 երկիր կողմ քվեարկեց բանաձեւին։ Բայց 35 երկիր, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը եւ Հարավային Աֆրիկան, ձեռնպահ մնացին, չորսը դեմ քվեարկեց։
ԲՐԻԿՍ խումբը ձեւավորվել է 2009թ.՝ որպես Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ազատ քաղաքական եւ տնտեսական դաշինք։ Նրա ընդհանուր բնակչությունը կազմում է 3,23 մլրդ մարդ, ընդհանուր ՀՆԱ-ն՝ 23 տրլն դոլար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի Դաշնության եւ ԲՐԻԿՍ-ի մյուս երկրների միջեւ 2022թ. առաջին երեք ամսում ավելացել է 38 տոկոսով՝ 45 մլրդ դոլար։ Անգամ երբ ԱՄՆ-ը հրաժարվեց ռուսական նավթից եւ ԵՄ-ը որոշեց աստիճանաբար էմբարգո մտցնել՝ որոշ բացառություններով Հունգարիայի համար, հում նավթի արտահանումը Ռուսաստանից միայն աննշան չափով կրճատվեց։ Հնդկաստանը եւ Չինաստանը մայիսին օրական գնել են 2,4 մլն բարել ռուսական հում նավթ, ինչը կազմում է ռուսական արտահանման կեսը, չնայած 30 տոկոսանոց զեղչով՝ համաշխարհային բազային գնի համեմատ։
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կավելացնի առեւտուրը Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հնդկաստանի եւ այլ երկրների հետ։
ԲՐԻԿՍ խմբի ազդեցության ընդլայնման համար Չինաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին հրավիրել է 13 երկրների ղեկավարների՝ Ալժիրի, Արգենտինայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Սենեգալի, Ուզբեկստանի, Կամբոջայի, Եթովպիայի, Ֆիջիի, Մալայզիայի եւ Թաիլանդի։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել այդ երկրներին եւ ԲՐԻԿՍ խմբին «կառուցել անվտանգության գլոբալ հանրություն»՝ բազմակողմանի համագործակցության հիման վրա։
Ասես ի պատասխան՝ G7-ի հանդիպումը հունիսի վերջին առաջարկել է հինգ զարգացող երկրների միավորվել կամ գոնե աջակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների ջանքերին։ Բայց այն ժամանակ, երբ G7-ի երկրները պարտավորվում էին աջակցել Ուկրաինային «այնքան, որքան կպահանջվի», զարգացող երկրները ընդամենը ողջունել են դեմոկրատիայի «քաջարի պաշտպաններին»՝ չհիշատակելով ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Յելենը կոչ է արել «աջակցել բարեկամներին»՝ այն դեպքում, երբ Երկիր մոլորակը բաժանվում է բարեկամների եւ թշնամիների։ Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը դիմակայելու համար Բայդենի վարչակազմը G7-ի երկրներին կողմնորոշել է ստեղծել հականախաձեռնություն՝ «Գլոբալ ենթակառուցվածքի եւ ներդրումների գործընկերություն» անվանմամբ՝ հաջորդ հինգ տարիների համար 600 մլրդ դոլար ներդրումների նպատակով։ Գուցե որոշ երկրներ կշահեն երկու նախաձեռնությունից էլ, իսկ մյուսները՝ ոչ մեկից, ոչ մյուսից, բայց զարգացող երկրներում բարեկամների ազդեցության նվաճման համար մրցակցող ջանքերի հարցում կասկած չկա, ինչպես սառը պատերազմի ժամանակ էր։
Առեւտրից բացի, ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սկզբում դոլարը վերածեցին զենքի, լուրջ վնաս հասցրին Ռուսաստանի տնտեսությանը եւ գրավեցին Չինաստանի ուշադրությունը։ Այդ միջոցները ստիպեցին ոչ արեւմտյան շատ երկրների զգուշանալ դոլարից։ Իսկապես, Սենեգալի եւ Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալն ասել է, որ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները դժվարացրել են Ռուսաստանում հացահատիկի գնումը։ Այդ երկրների անհանգստությունը Չինաստանի՝ որպես մեծությամբ երկրորդ տնտեսության համար հնարավորություն է ստեղծում առաջարկելու զուգահեռ արժույթ միջազգային տրանզակցիաների համար։
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում անդամները քննարկել են իրենց սեփական արժույթներով հաշվարկ կատարելու միջոցները՝ շրջանցելով դոլարը։ ԱՄՆ դոլարի գերիշխանությանը մարտահրավեր նետելու նպատակով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել նոր գլոբալ պահուստային արժույթ՝ ԲՐԻԿՍ երկրների արժույթների զամբյուղի հիման վրա։
Չինաստանը մշակել է իր անդրսահմանային միջբանկային վճարային համակարգը 2015թ.՝ հեշտացնելու համար միջազգային առեւտուրն իր սեփական արժույթով։ Չնայած CIPS-ը չի էլ կարող հավակնել փոխարինելու SWIFT-ին՝ Չինաստանը կարող է օգտագործել իր տնտեսական եւ քաղաքական հզորությունը, որպեսզի այլ երկրների մղի առեւտուր անել յուանով, ոչ թե ԱՄՆ դոլարով։
Սա նման է ոչ թե գլոբալացման ավարտի, այլ դրա վերակարգավորման։ Աշխարհաքաղաքական ճնշումն Արեւմուտքի եւ Չինաստանի կողմից մյուս երկրներին ստիպում է կողմ ընտրել՝ հատվածայնացնելով առեւտրային եւ ֆինանսական հոսքերն ամբողջ աշխարհում։





























