Թուրք ազգայնականները, որոնք հայտնի են որպես «Գորշ գայլեր», հունական կղզիների նկատմամբ հավակնություններով քարտեզի հրապարակումից հետո Twitter-ի իրենց միկրոբլոգում հայտարարել են, որ Կրետեն «Թուրքիայի անբաժանելի մասն է», գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայի նախագահական կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին շաբաթ օրը այցելել է «Գորշ գայլերի» շտաբ եւ լուսանկարվել քարտեզի կողքին, որտեղ երեւում է, որ Էգեյան ծովի եւ Կրետեի կեսը Թուրքիային են պատկանում:
Հունաստանի դիվանագիտական աղբյուրները դատապարտել են Բահչելիի կողմից քարտեզի ցուցադրումը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիների եւ Կրետեի նկատմամբ՝ ասելով, որ «սա Թուրքիայի կողմից ծայրահեղ հռետորաբանության սրման մի մասն է»: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էդողանից «հստակ դիրքորոշում» է սպասում կոալիցիոն կրտսեր գործընկերոջ արարքի վերաբերյալ եւ արդյոք Հունաստանի կղզիների նկատմամբ տարածքային պահանջները Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն են:
«Գորշ գայլերը» հունարենով ութ թվիթ են հրապարակել, որոնցում գրել են, որ քարտեզի վրա նշված են սահմանները եւ նշված են կղզիները, «որտեղ հարյուրավոր տարիներ ծածանվել է թուրքական փառահեղ դրոշը», եւ որոնք անօրինական կերպով յուրացվել են Հունաստանի կողմից»: Ազգայնականներն ասում են, որ 152 կղզիներ չեն հանձնվել Հունաստանին՝ Լոզանի եւ Փարիզի պայմանագրերի համապատասխան։
«Կրետե կղզին, որը Հունաստանի կողմից օկուպացված էր Առաջին համաշխարհային պատերազմից առաջ կատարված փաստի քաղաքականության շրջանակներում եւ գերության մեջ էր գտնվում հունական պետության սահմաններում, ... թուրքական հայրենիքի եւ Կապույտ հայրենիքի անբաժանելի մասն է: Կրետեն այն կղզիներից մեկն է, որի իրավական կարգավիճակը մնում է անորոշ, անարդարացի ձեռքբերում է Հունաստանի կողմից փաստացի իրավիճակի ստեղծման արդյունքում»,- ասել են ազգայնականները։





























