Շրի Լանկայի միգրացիոն ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել նախագահի եղբայր եւ ֆինանսների նախկին նախարար Բազիլ Ռաջապակսային հեռանալ երկրից, հայտնում է Reuters-ը։
Թե կոնկրետ ուր է փորձել թռչել Ռաջապակսան, որը նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի, հայտնի չէ։ Նա հրաժարական է տվել ֆինանսների նախարարի պաշտոնից ապրիլի սկզբին, երբ սկսվեցին փողոցային բողոքի ցույցերը վառելիքի, սննդի եւ այլ անհրաժեշտ պարագաների պակասի պատճառով, իսկ հունիսին նա հրաժարվել է խորհրդարանում իր տեղից:
Նրա ավագ եղբայրը՝ Գոտաբայա Ռաջապակսան, չորեքշաբթի օրը կհրաժարվի նախագահի պաշտոնից, որպեսզի ճանապարհ բացի միասնական կառավարության համար այն բանից հետո, երբ շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ ներխուժել են նրա եւ վարչապետի պաշտոնական նստավայրեր՝ պահանջելով նրանց հրաժարականը:
Նախագահը ուրբաթ օրվանից չի երեւացել հանրության առաջ, եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Խորհրդարանը հուլիսի 20-ին նոր նախագահ կընտրի։
Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը այդ պաշտոնում առաջադրել է իր առաջնորդ Սաջիտ Պրեմադասին՝ սպանված նախագահի որդուն։ Իշխող կուսակցությունը օրվա ընթացքում պետք է որոշի թեկնածուին։
Շրի Լանկայի միգրացիոն ծառայության սպաների ասոցիացիան հայտնել է, որ իր անդամները հրաժարվել են սպասարկել Բազիլ Ռաջապակսային Կոլոմբոյի օդանավակայանի մեկնման VIP սրահում:
«Հաշվի առնելով Շրի Լանկայում տիրող անկարգությունները՝ միգրացիոն ծառայության աշխատակիցները հսկայական ճնշման տակ են, որպեսզի թույլ չտան բարձրաստիճան անձանց լքել երկիրը»,- Reuters-ին ասել է Կանուգալա ասոցիացիայի նախագահը:
Իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով հայտարարել է, որ Բազիլ Ռաջապակսան դեռ երկրում է։
Ռաջապակսա ընտանիքը, ներառյալ նախկին վարչապետ Մահինդու Ռաջապակսան, տարիներ շարունակ գերիշխել է 22 միլիոնանոց երկրի քաղաքականության մեջ, եւ Շրի Լանկայի բնակիչների մեծ մասը նրանց է մեղադրում ներկայիս տառապանքների համար:





























