Ամերիկյան HIMARS հրթիռային համակարգի վեց հրթիռներ ուղղվել են դեպի Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաք, որոնցից երեքը խոցվել են, «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է քաղաքապետարանի ժամանակավոր վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը։
Գնդակոծության հետեւանքով ավերվել է ենթակառուցվածքների զգալի մասը եւ հարյուրավոր շենքեր, հավելել է Լեոնտեւը։
Ավելի վաղ քաղաքի ժամանակավոր վարչակազմի Telegram-ալիքում հաղորդվել էր 80 վիրավորի, 7 զոհի եւ 7 անհետ կորածի մասին։ Քաղաքում ստեղծվել է հատուկ շտաբ, փլատակների հեռացմանը մասնակցում է մոտ 70 մարդ՝ դրանք վարչակազմի, ԱԻՆ-ի աշխատակիցներ են եւ կամավորներ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ուկրաինայի Զինված ուժերը երկուշաբթի երեկոյան ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերից հարված են հասցրել Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքին։ Իշխանությունների տվյալներով՝ պայթել են սելիտրայով պահեստներ, վնասվել են հարյուրավոր օբյեկտներ, իսկ որոշ արդյունաբերական օբյեկտներում հրդեհները շարունակվում են։





























