ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի խոսքերին այն մասին, թե այլեւս իմաստ չունի, որ հանրապետականը վերադառնա իշխանություն եւ մասնակցի 2024թ. նախագահական ընտրություններին։ Իր Truth Social սոցցանցում քաղաքական գործիչը նշել է Սպիտակ տուն գործարարի այցելության մասին, որի ընթացքում վերջինն իրեն Թրամփի երկրպագուն է անվանել։
«Երբ Իլոն Մասկը եկավ Սպիտակ տուն՝ խնդրելով, որ սուբսիդավորեմ իր բազմաթիվ նախագծերը՝ լինեն էլեկտրամեքենաները, որոնք չեն կարողանում երկար ընթանալ, անվարորդ մեքենաները, որոնք ընկնում են ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ, թե հրթիռային նավերը, որոնք թռչում են չգիտես թե ուր, չէ՞ որ առանց սուբսիդիաների նա ոչնչություն կլիներ։ Այդ ժամանակ նա ինձ ասում էր, թե Թրամփի եւ Հանրապետական կուսակցության ինչ մեծ երկրպագու է ինքը»,- Թրամփի գրառումը մեջբերել է Reuters-ը։
Ինչպես նշել է ԱՄՆ նախկին նախագահը, Մասկը այնքան էր ցանկանում սուբսիդիաներ ստանալ իր նախագծերի համար, որ ինքը կարող էր գործարարին ասել՝ «ծնկի իջիր եւ աղաչիր», եւ նա, միեւնույն է, դա կաներ։





























