ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն F-16 կործանիչների գնման, քանի որ Վաշինգտոնն իր ռազմական տեխնիկան կվաճառի միայն այն երկրներին, որոնք կիսում են Միացյալ Նահանգների արժեքները։ Այս մասին ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, փոխանցում է հունական AMNA գործակալությունը։

Սենատորը թվարկել է այն պայմանները, որոնց դեպքում ինքը կարող է հետ վերցնել Անկարային ինքնաթիռներ վաճառելու դեմ իր առարկությունները: Դրանց թվում են ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը, հունական կղզիների վրայով թռիչքները, թուրքական իշխանությունների եւ Մոսկվայի սերտ հարաբերությունները, մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ լրագրողների եւ փաստաբանների ազատազրկումը։

Մենենդեսը նշել է, թե առայժմ չի տեսնում այդ հարցերից որեւէ մեկի լուծմամբ զբաղվելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատրաստակամությունը։ Գործակալությունը նշել է, որ քաղաքական գործիչն այն մարդն է, որը «պահում է F-16-ի բանալիները», քանի որ նա իրավունք ունի վետո դնել ամերիկյան զենքի համակարգերի վաճառքի վրա։