Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մեղադրել է ոստիկանությանը նախկին վարչապետ Սինձո Աբեին հավուր պատշաճի չպաշտպանելու մեջ, որը սպանվել էր անցած շաբաթ, տեղեկացրել է AP-ը։
Աբեն Ճապոնիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր, սպանվել է անցած ուրբաթ Ճապոնիայի արեւմուտքում։ Հրաձգությունը պատկերող լուսանկարներում եւ տեսանյութերում երեւում է, թե ինչպես է հրաձիգը կարողացել մոտենալ Աբեին թիկունքից այն ժամանակ, երբ թիկնապահները կենտրոնացած էին առջեւում։
«Ես կարծում եմ, որ խնդիրներ են եղել անվտանգության միջոցների հետ կապված»,- ասել է Կիսիդան։
Հանրային անվտանգության ազգային հանձնաժողովի եւ Ազգային ոստիկանական վարչության պաշտոնյաները հետաքննում են, թե ինչն այնպես չի եղել, եւ փորձելու են, ի պատասխան, միջոցներ ձեռնարկել, տեղեկացրել է նա։ «Ես կոչ եմ անում նրանց մանրազնին ստուգել եւ շտկել այն, ինչը պետք է շտկել, ինչպես նաեւ ուսումնասիրել օրինակներն այլ երկրներում»,- ասել է նա։
Կիսիդան նաեւ հայտարարել է այս տարվա վերջին Աբեի պետական թաղում կազմակերպելու պլանների մասին։ «Պետական թաղում իրականացնելով՝ ի հիշատակ նախկին վարչապետ Աբեի, Ճապոնիան կցուցադրի իր վճռականությունը՝ բռնությանը չտրվելու եւ դեմոկրատիան ամուր պաշտպանելու առումով»,- ասել է Կիսիդան։ «Ճապոնիան աշխարհին կցուցադրի նաեւ իր էներգիան պահպանելու եւ ապագայի ճանապարհը բացելու վճռականությունը»։
Երեքշաբթի Տոկիոյի տաճարում տեղի է ունեցել թաղման արարողություն։
Կասկածյալը ձերբակալվել է անմիջապես այն բանից հետո, երբ կրակել է Աբեին, նա կալանքի տակ է պահվում, մինչեւ որ դատախազությունը որոշի նրան սպանության մեղադրանք ներկայացնել։
Տեղեկացվել է, որ կասկածյալն ասել է, որ Աբեին սպանել է նախկին վարչապետի եւ կրոնական այն խմբի հետ ունեցած կապերի համար, որին նա ատել է։ 41-ամյա Տեցույա Յամագամին վրդովվել էր, որ իր մայրը մեծ նվիրատվություններ էր արել հօգուտ Միավորման եկեղեցու, ինչը սնանկացրել էր նրա ընտանիքը։
Սպանությունը լույս է սփռել Աբեի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ Միավորման եկեղեցու միջեւ կապերի վրա, որը հայտնի է իր պահպանողական եւ հակակոմունիստական համոզմունքներով եւ զանգվածային հարսանիքներով։
Հարավկորեական եկեղեցու ճապոնական բաժինը հաստատել է, որ Յամագամայի մայրը իր ծխականն էր, իսկ Աբեն՝ ոչ։





























