Նախագահ Գոտաբայա Ռաջապակսան, որը փախել էր Շրի Լանկայից, ժամանել է Սինգապուր։ Ինչպես հայտնում է Reuters-ը, վկայակոչելով աղբյուրին, չորեքշաբթի օրը Մալդիվներ փախած Ռաջապակսան, Սաուդյան Արաբիայի ավիաընկերության չվերթով մեկնել է Սինգապուր։
Ռաջապակսային դիմավորել է թիկնապահների խումբը, նրան տեսել են սեւ մեքենաների շարասյունով օդանավակայանի VIP տարածքից դուրս գալիս:
Սինգապուրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռաջապակսան երկիր է մտել մասնավոր այցով եւ ապաստան չի խնդրել ու չի ստացել։
Ռաջապակսան դեռ հրաժարական չի տվել, չնայած խոստացել էր դա անել մինչեւ չորեքշաբթի:
Իր դաշնակից, վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեին նախագահի պաշտոնակատար նշանակելու նրա որոշումը նոր բողոքի ցույցեր է հրահրել՝ ցուցարարները ներխուժել են խորհրդարան եւ վարչապետի գրասենյակ՝ պահանջելով, որ նա նույնպես հրաժարական տա:
Կառավարությունը Կոլոմբոյում պարետային ժամ է սահմանել՝ հետագա անկարգությունները կանխելու համար։ Տեղական լրատվամիջոցները ցույց են տվել զինվորներով զրահափոխադրիչներ, որոնք հսկում են քաղաքի փողոցները։ Զինվորականներն ասել են, որ իրենք իրավունք ունեն ուժ կիրառել՝ պաշտպանելու մարդկանց եւ պետական ունեցվածքը:
Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը խորհրդարանի եւ վարչապետի գրասենյակի մոտ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով սպանվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 84-ը։





























