Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման նախատել է Սպիտակ տան նախկին բժշկին՝ 2020 թվականի նախագահական արշավի ընթացքում նախագահ Ջո Բայդենի ճանաչողական ֆունկցիան քննադատելու համար, հայտնում է Fox News-ը։
Բժիշկ Ռոննի Ջեքսոնը իր հուշերում գրել է, որ Բայդենը չի իմացել որ նահանգում է գտնվում կամ ինչ գրասենյակի համար է քարոզում:
«Ակնհայտ է, որ ինչ-որ պահի նա կարծել է, որ առաջադրված է Սենատի համար, եւ ավելի ուշ չի հիշել, թե որ նահանգում է քարոզարշավ իրականացնում: Սա շարունակվել է մի քանի ամիս եւ վատթարացել», - գրել է Ջեքսոնը:
Տարիներ շարունակ մամուլը հոգեկան հիվանդ լինելու համար մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին եւ Ջեքսոնին ծաղրել են իր հետազոտության համար, որի համաձայն Թրամփը եղել է գերազանց մտավոր վիճակում եւ ոչ մի խնդիր չի ունեցել:
«Թրամփը երբեք չի արել այնպիսի խելահեղ հայտարարություններ, ինչպիսին Բայդենն էր անում գրեթե ամեն օր, սակայն այդ մարդիկ նրան նախագահի պաշտոնի համար անհարմար էին տեսնում եւ պնդում, որ ճանաչողական ֆունկցիան ստուգող թեստ անցնի», - գրել է բժիշկը:
Երբ 2020 թվականին Ջեքսոնն առաջադրել է իր թեկնածությունը որպես սենատոր, թվիթերյան իր միկրոբլոգում Բայդենի ճանաչողական ֆունկցիան ստուգելու անհրաժեշտության մասին գրառում է արել, որից 20 րոպե անց Օբամայից նամակ է ստացել:
«Ես փորձել եմ չմեկնաբանել իմ իրավահաջորդի վարչակազմում ձեր ծառայությունը եւ միշտ բարձր եմ գնահատել այն իմ պաշտոնավարման ընթացքում՝ ձեզ համարելով, ո՛չ միայն լավ բժիշկ, այլ նաեւ լավ ընկեր: Ջո Բայդենի վրա հարձակում գործելու ձեր թվիթերյան գրառումը պրոֆեսիոնալ չէր եւ համապատասխան չէր նախկինում ձեր զբաղեցրած պաշտոնին: Դա նաեւ անարգալից վերաբերմունք էր իմ, ու վարչակազմի ձեր ընկերների նկատմամբ: Ես ձեզանից ավելի լավն եմ ակնկալում եւ հուսամ ինքներդ նույնպես ապագայում ավելի լավը կակնկալեք»,- գրել է Օբաման Ջեքսոնին:
Իր գրքում Ջեքսոնը նշել է, որ երկար մտածելուց հետո որոշել է չպատասխանել նամակին եւ Fox News-ին ասել, որ այժմ Բայդենի հոդեկան առողջության մասին կարող են խոսել բոլորը, ներառյալ ազատական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ զգուշացրե է Բայդենի առողջական խնդիրների մասին ու նշել, որ այդ մասին իր կուսակիցներն էլ կխոսեն ու հիմա դրանք ամբողջ աշխարհում ցուցադրվում են:
Գիրքը, որում Ջեքսոնը պատմում է ԱՄՆ երեք նախագահների աշխատակազմում իր ծառայության մասին, լույս կտեսնի հուլիսի 26-ին:





























