Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը աջակցել է Հյուսիսային Մակեդոնիային՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում երկրի ունեցած հույսերի հետ կապված, Բուլղարիայի հետ վեճի համատեքստում։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք լինեք ԵՄ-ում»,- Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է ֆոն դեր Լյայենը մակեդոներեն։
Նա խոստացել է աջակցել Ֆրանսիայի առաջարկին, որը բանակցությունների ճանապարհ կբացի բալկանյան երկրների անդամակցության համար եւ կչեղարկի Բուլղարիայի առարկությունը։
«Երկկողմանի հարցերը, այդ թվում պատմական, անդամակցության պայման չեն,- ասել է ֆոն դեր Լյայենը Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանում։- Չի կարող կասկած լինել, որ մակեդոներենը մեր լեզուն է»։
Նա ավելացրել է, որ ֆրանսիական «առաջարկը հարգում է նաեւ ազգային ինքնությունը», եւ ժամանակն է, որ Հյուսիսային Մակեդոնիան առաջ ընթանա։
Բայց խորհրդարանի առջեւ հավաքված հազարավոր ցուցարարները բողոքում էին Ֆրանսիայի առաջարկի դեմ՝ այն դավաճանություն համարելով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկն անցած ամիս ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում նախատեսում է զիջումներ երկու կողմից։ Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը պարտավորվում է փոխել իր սահմանադրությունը, որպեսզի ճանաչի բուլղար փոքրամասնությանը, պաշտպանի փոքրամասնությունների իրավունքները եւ արգելի ատելության հրահրումը, ինչպես պահանջում է Բուլղարիան։
Կառավարող սոցիալ-դեմոկրատները եւ վարչապետ Դիմիտար Կովաչեւսկին պաշտպանում են այս առաջարկը՝ որպես խելամիտ փոխզիջում։ Կառավարության կարծիքով՝ գործարքը սպառնալիք չի ստեղծում ազգային շահերին կամ ինքնությանը եւ ուղի է բացում ԵՄ-ում երկրների անդամակցության առջեւ։
«Ես ասել եմ «այո», որովհետեւ եվրոպական այդ առաջարկն ամենալավ լուծումն է ներկա պահին»,- ասել է Կովաչեւսկին օրենսդիրներին։
Բայց աջ կենտրոնամետ հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, ինչպես նաեւ մյուսները դրա հետ համաձայն չեն, նրանք հայտարարել են, որ համաձայնությունը Բուլղարիայի շահերին է համապատասխանում՝ կասկածի տակ դնելով Հյուսիսային Մակեդոնիայի պատմությունը, լեզուն, ինքնությունը, մշակույթը եւ ժառանգությունը։
Քաղաքական լարվածությունը Հյուսիսային Մակեդոնիայում վերջին 10 օրում խորացել է՝ ուղեկցվելով գիշերային ցույցերով եւ բռնություններով։
Մակրոնն ընդգծել է, որ առաջարկը կասկածի տակ չի դնում մակեդոներենի պաշտոնական գոյությունը, բայց նշել է, որ, ինչպես բոլոր գործարքները, այն «հիմնված է փոխզիջումների եւ հավասարակշռության վրա»։
Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ-ի անդամի թեկնածու է 17 տարի։ Երկիրը բանակցություններ սկսելու կանաչ լույս է ստացել 2020թ., բայց բանակցություններն սկսելու ժամկետը չի նշվել։
Բուլղարիան օգտագործել է իր իշխանությունը՝ որպես ԵՄ-ի անդամ, որպեսզի խոչընդոտի Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությանը։





























