Թուրքիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները տարբեր ոլորտներում նոր ներդրումային հնարավորություններ եւ համատեղ նախագծեր են փնտրում՝ ձգտելով ընդլայնել երկկողմ տնտեսական կապերը, ասել է ԱՄԷ արդյունաբերության եւ առաջադեմ տեխնոլոգիաների նախարար Սուլթան Ալ Ջաբերը։

Երկրները համագործակցություն են փնտրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գազը, էներգետիկ ենթակառուցվածքը, էներգիայի վերականգնվող աղբյուրները, առողջապահությունը, կենսատեխնոլոգիաները, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, պաշտպանությունը, լոգիստիկան, թվային կապը, էլեկտրոնային առեւտուրը եւ ֆինանսական ծառայությունները:

Գաղափարական սուր խնդիրներով սրված մեկ տասնամյակ լարվածությունից հետո ԱՄԷ-ն հունվարին Թուրքիայի կենտրոնական բանկին տրամադրել է գրեթե 5 միլիարդ դոլար՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու ջանքերի շրջանակներում: ԱՄԷ-ի հետ համաձայնագիրը հաջորդել է նոյեմբերին Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի այցին Թուրքիա, երբ տեղի ունեցան գործարքի վերաբերյալ նախնական բանակցությունները։ Այս ամսվա սկզբին երկրները քննարկել են համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության եւ ռազմական պատրաստության ոլորտում։

«Չնայած մենք ձգտում ենք ընդլայնել մեր ներդրումները Թուրքիայում, մենք նաեւ ցանկանում ենք փոխշահավետ գործընկերություն ստեղծել Արաբական Միացյալ Էմիրություններում արդյունաբերական ներդրումների համար»,- Ալ Ջաբերի խոսքերն է մեջբերում National-ը:

«Համապատասխան ԱՄԷ-ի «50 նախագծեր»-ին, որոնք ներառում են բազմաթիվ ազգային ռազմավարական նախագծեր, մենք երկու երկրների գործարարներին եւ հաստատություններին կոչ ենք անում օգտվել այս գործընկերությունից՝ առաջարկվող հնարավորությունների եւ խթանների հետ մեկտեղ»,- ասել է նա:

ԱՄԷ պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի կառավարության եւ մասնավոր հատվածի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ մասնակցել է ԱՄԷ ներդրումային սեմինարին Թուրքիայում, հաղորդում է National-ը:

ԱՄԷ-ն եւ Թուրքիան բանակցություններ են սկսել ապրիլին Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրերի (CEPA) շուրջ, որոնք, ինչպես ակնկալվում է, կկրկնապատկեն երկկողմ առեւտուրը:

Ալ Ջաբերի խոսքով՝ վերջին այցը կօգնի երկու երկրներին կրկնապատկել իրենց ոչ նավթային առեւտրի ծավալը եւ խթանել փոխադարձ ներդրումները՝ հարաբերությունների խորացմանը զուգընթաց: