Եվրոպան առաջ է անցել Ասիայից եւ վերջին վեց տարում առաջին անգամ ամերիկյան նավթի խոշորագույն սպառող է դարձել։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս տարվա հունվարից մայիս Եվրոպան ստացել է միջինը մոտ 213,1 միլիոն բարել նավթ, իսկ Ասիան՝ 191,1 միլիոն բարել։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2016 թվականին, երբ ԱՄՆ-ը չեղարկեց հում նավթի արտահանման արգելքը։

Նավթի հոսքերում այս տեղաշարժն ընդգծում է, թե որքանով է Ուկրաինայի պատերազմը փոխել էներգակիրների մատակարարումների ուղղությունը: ԱՄՆ-ը եւ այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ռուսական նավթի դեմ։ Արդյունքում, ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ են դիմել ԱՄՆ-ին՝ նավթի ներկրման համար, մինչդեռ Ռուսաստանն իր նավթը մեծ զեղչերով առաջարկում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Չինաստանը, որոնք որեւէ արգելք չեն դրել:

ԱՄՆ-ում հում նավթի արդյունահանումն աճում է, բայց ոչ այնքան արագ, որ բավարարի ինչպես Ասիայի, այնպես էլ Եվրոպայի կարիքները: Բացի այդ, Մերձավոր Արեւելքն, ըստ երեւույթին, սահմանափակված է Եվրոպա իր մատակարարումների հարցում:

Տարածաշրջանի խոշորագույն արտադրողները՝ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն, արդեն փորձում են կատարել ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակում իրենց արտադրական պարտավորությունները: Մյուս մատակարարները, ինչպիսին է Լիբիան, պայքարում են քաղաքական ալեկոծությունների դեմ, որոնք սահմանափակում են արտահանումը: