Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը արաբական պետությունների առաջնորդներին ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ակտիվ գործընկեր լինել Մերձավոր Արեւելքում, սակայն նա չի կարողացել տարածաշրջանային անվտանգության առանցքի երկայնքով պարտավորություններ ստանձնել, որը կներառի Իսրայելը եւ չի հաջողել նավթի արդյունահանման անհապաղ ավելացման հարցում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարում տարածաշրջանում լավ ապագա կառուցելու համար՝ ձեր բոլորի հետ գործընկերությամբ», - ասել է Բայդենը`Մերձավոր Արեւելք կատարած իր առաջին այցի ընթացքում ելույթ ունենալով Ջիդայում կայացած արաբական գագաթաժողովին:
Այցի ընթացքում, որը սկսվել էր Իսրայելով, Բայդենը հանդիպել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բն Սալմանի հետ եւ խոսել մարդու իրավունքներին վերաբերող հարցերից:
Այց ճանապարհորդությունը նպատակ ուներ Մերձավոր Արեւելքի պետություններն ու Իսրայելը համախմբել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ դաշինքում: Սակայն արաբական պետությունները, որոնք կապ չունեն Իսրայելի հետ, հրաժարվում են մաս կազմել վերոնշյալ դաշինքին, ինչը կարող է դժվարացնել ՀՕՊ համակարգերի տեղակայումը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բն Ֆարհան Ալ Սաուդն ասել է, որ տեղյակ չէ Պարսից ծոցի եւ Իսրայելի միջեւ պաշտպանական դաշինքի մասին որեւէ քննարկումից, եւ թագավորությունը ներգրավված չէ նման բանակցություններում:
Գագաթնաժողովից հետո արքայազնը լրագրողներին ասել է, որ, իր օդային տարածքը բոլոր ավիափոխադրողների համար բացելու Ռիադի որոշումը, կապ չունի Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հետ եւ հետագա քայլերի նախանշան չի հանդիսանում։
Բայդենը կենտրոնացել է Պարսից ծոցի պետությունների, Եգիպտոսի, Հորդանանի եւ Իրաքի հետ անցկացված գագաթաժողովի վրա`թերագնահատելով Մուհամմես բն Սալմանի հետ հանդիպումը: Նախկինում նա նշել էր, որ սրիկա Սաուդյան Արաբիային «կվտարի» համաշխարհային ասպարեզից`2018 թվականին սաուդցի գործակալների կողմից լրագրողի Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով: Սակայն ավելի ուշ, որոշել է, որ ԱՄՆ շահերը վերահաշվարկի կարիք ունեն եւ պետք չէ խզել հարաբերությունները աշխարհի նավթ արդյունահանող ղեկավարության հետ:
Թագաժառանգը, ում Բայդենը Խաշոգջիի սպանության անմիջական պատասխանատուն է համարում, նշել է, որ սաուդյան Արաբիան գործել է՝ սխալների կրկնությունը կանխելու նպատակով՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն նույնպես սխալներ է արել, այդ թվում՝ Իրաքում:
«Նախագահը բարձրացրել է այս հարցը: Իսկ թագաժառանգը պատասխանել է, որ սա ցավալի դրվագ է եղել Սաուդյան Արաբիայի համար եւ որ դա սարսափելի սխալ էր», - ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ Ժուբեյրը: Նրա խոսքով՝ մեղադրյալները բերման են ենթարկվել եւ դատապարտվել ազատազրկման։
Ժուբեյրն ասել է, որ արքայազնն ապացուցել է, որ ուժով այլ երկրներին արժեքներ պարտադրելու փորձը կարող է հակառակ արդյունք տալ եւ մեջբերել արքայազնի խոսքերն այն մասին, որ երկրները տարբեր արժեքներ ունեն եւ այդ արժեքները պետք է հարգվեն:
Բայդենը ՕՊԵԿ-ի անդամ Սաուդյան Արաբիայի օգնությամբ ցանկանում է լուծել նավթի ոլորտում ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջացած խնդիրները: Վաշինգտոնը ցանկանում է նաեւ զսպել Իրանի տարածաշրջանային եւ Չինաստանի համաշխարհային ազդեցությունը:
Բայդենը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ հույս ունենալով նավթային գործարք կնքել՝ օգնելու նվազեցնել բենզինի գինը, որը գտնվում է վերջին 40 տարվա առավելագույն մակարդակին: Սակայն այս այցելությունից նա դատարկաձեռն է վերադարձել՝ հույս ունենալով, որ օգոստոսի 3-ին կայանալիք ՕՊԵԿ + խմբի հանդիպման ընթացքում, որում ներգրավված են Սուդյան Արաբիան, Ռուսաստանի Դաշնությունը եւ այլ արտադրողներ, որոշում կկայացնեն արդյունահանումը ավելացնելու վերաբերյալ:
«Ես անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ կլինի առաջիկա ամիսներին», - ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահի վարչակազմից հայտնել են, որ Բայդենը շուտով կհայտարարի Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիակոյւմ պարենային անվտանգության խնդիրների լուծմանն ուղղված 1 միլիարդ դոլար ներդրման մասին, իսկ Ծոցի պետությունները նախագծերի իրականացմանը կհատկացնեն 3 միլիարդ դոլար:





























