Սաուդյան Արաբիան կշարունակի ամրապնդել իր հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի հետ, CNBC լրատվականին ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ժուբեյրը։

«Մենք կամուրջներ ենք կառուցում եւ չենք կարծում, որ մեկը մյուսին բացառում է», - ասել է ալ Ժուբեյրը`նշելով, որ Չինաստանը Սաուդյան Արաբիայի ամենամեծ առեւտրային գործընկերն է:

«Սա հսկայական էներգետիկ շուկա է եւ հսկայական շուկա ապագայի համար: Իսկ Չինաստանը Սաուդյան Արաբիայում խոշոր ներդրող է: Միացյալ Նահանգները, իհարկե, մեր թիվ մեկ գործընկերն է, երբ խոսքը վերաբերում է անվտանգային եւ քաղաքական համակարգմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ներդրումներին եւ առևեւտուրին: ԱՄՆ-ի հետ մենք ընդհանուր պատմություն եւ ընդհանուր ժամանակակից խնդիրներ ունենք`խնդիրներ մեր տարածաշրջանում, լինի դա Իրանը, Եմենը, Իրաքը, աջակցությունը Իրաքին, Սիրիային, Լիբանանի, Աֆրիկայի եղջյուրին»,- ասել է ալ Ժուբեյրը`նշելով, որ այս խնդիրների լուծման հարցում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վճռորոշ նշանակություն ունեն:

Նա նշել է, որ վերոնշյալ հարաբերությունների ամրությունը փոխշահավետ է երկու պետությունների համար եւ շեշտել, որ իրենք հավատում են նախորդ 80 տարիների ընթացքում այս հարաբերությունների տված օգուտներին՝ անհամբեր սպասելով հաջորդ 80 տարվան: