Թաիլանդի տասնյակ ակտիվիստներ աղմկահարույց իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի թիրախում են հայտնվել ինտենսիվ հակակառավարական ցույցերի ժամանակ, հայտնում է AFP-ն։

Երկու տարի առաջ զանգվածային ցույցեր էին տեղի ունենում Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, հազարավոր մարդիկ կոչ էին անում ընդլայնել քաղաքացիական ազատությունները, ինչպես նաեւ մեղմացնել թագավորին վիրավորելու մասին խիստ օրենքները, որոնք կանխում են միապետության ցանկացած քննադատություն:

Կիբեռանվտանգությունը վերահսկող կանադական Citizen Lab կազմակերպության եւ թաիլանդական iLaw եւ DigitalReach խմբերի համատեղ զեկույցում նշվել են մոտ 30 ակտիվիստներ, գիտնականներ, իրավաբաններ եւ հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք հիմնականում կապված են իրավապաշտպան կազմակերպությունների հետ, որոնց շարժական սարքերը «վարակված են» լրտեսող ծրագրով:

Pegasus ծրագրակազմը, որը ստեղծվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից, կարող է տվյալներ հանել եւ ակտիվացնել տեսախցիկները կամ խոսափողները՝ բջջային սարք հաջողությամբ ներխուժելուց հետո:

Զեկույցում չի նշվում, թե ով է կանգնած լրտեսող ծրագրի օգտագործման հետեւում, թեեւ նշվում է, որ NSO Group-ը պնդում է, որ տեխնոլոգիան վաճառում է միայն կառավարություններին: