ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի կարծում, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները սխալ են եղել։
«Եվրոպական որոշ առաջնորդներ ասում են, որ պատժամիջոցները սխալ էին: Դե ինչ ասեմ, ես չեմ կարծում, որ դա սխալ էր, դա այն է, ինչ մենք պետք է անեինք եւ կշարունակենք անել»,- ասել է Բորելը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը բացելով:
«Ոմանք ասում են, օրինակ, որ նավթի արգելքը բարձրացրել է նավթի գինը։ Բայց նայեք գների գրաֆիկներին՝ նավթի գները նվազել են այն պահից, երբ մենք արգելք դրեցինք (ռուսական) նավթի ներկրման վրա»,- վստահեցրել է նա՝ պնդելով, որ նավթի գինը նույն մակարդակի վրա է, ինչ ուկրաինական պատերազմից առաջ։ «Պատերազմի սկզբում այն շատ մեծացավ, իսկ երբ արգելք դրեցինք, սկսեց նվազել։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է ասել, որ արգելքն է բարձրացրել նավթի գինը։ Մի՞թե նրանք աչքեր չունեն։ Գրաֆիկները չե՞ն նայում: Մի՞թե թվերը կամ փաստերը հաշվի չեն առնում»։
Նշենք, որ երկուշաբթի նավթի գները բարձրացել են՝ դոլարի թուլացման եւ սահմանափակ մատակարարումների շնորհիվ։
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 2,54 դոլարով կամ 2,5 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 103,70 դոլարի՝ ուրբաթ օրը 2,1 տոկոսով աճից հետո:
Ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի օգոստոսյան ֆյուչերսնեը թանկացել են 2,31 դոլարով կամ 2,4 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 99,90 դոլարի՝ նախորդ նստաշրջանում 1,9 տոկոսով աճից հետո:
Անցյալ շաբաթ Brent եւ WTI նավթի գները ցուցադրել են իրենց ամենամեծ շաբաթական անկումը մոտ մեկ ամսվա ընթացքում՝ կապված ռեցեսիայի մտավախության հետ, որը հարված կհասցնի նավթի պահանջարկին:





























