Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի ոչ ֆորմալ կառավարման մեղադրանքները որպես անձնական վիրավորանք է ընդունում։ Այս մասին ասվում է նամակում, որն այսօր Ղարիբաշվիլին ուղարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

Վարչապետի նամակը, նվիրված Վրաստանի ամենահարուստ մարդուն, միլիարդատիրոջը եւ «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադրին, հրապարակվել է կառավարության կայքում։

Ղարիբաշվիլին պնդում է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի հունիսի 9-ի բանաձեւը, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի դեմ, «պարունակում է բազմաթիվ փաստական անճշտություններ»:

Բանաձեւում արտահայտված կարծիքները՝ «Վրաստանի քաղաքականության եւ տնտեսության մեջ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ապակառուցողական դերի մասին», ոչնչով ամրագրված չեն, ինչպես նաեւ այն եզրակացությունը, որ Իվանիշվիլին անձնական եւ գործարար կապեր ունի Կրեմլի հետ, , ընդգծել է վարչապետը։

«Եվրախորհրդարանի բանաձեւում այդ գրառումները որեւէ հիմք չունեն եւ ուղղված են Վրաստանի ներկայիս կառավարման համակարգի վարկաբեկմանը։ Ընդդիմախոսները երբեք չեն ներկայացրել քաղաքականությանը կամ արդարադատությանը Բիձինա Իվանիշվիլիի միջամտության փաստեր, նա այլեւս տնտեսական գործունեություն չի ծավալում Վրաստանում, Ռուսաստանի հետ նրա անձնական կամ գործարար կապերի նախադեպեր չկան։ Ուստի այն ամենը, ինչ գրված է ոչ ֆորմալ կառավարության մասին բանաձեւում, լրիվ կեղծ է»,- ասված է Ղարիբաշվիլիի նամակում։

Իր ուղերձում Վրաստանի վարչապետը կոչ է անում Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ստիպել Եվրահանձնաժողովին «հստակորեն տարանջատվել ապաօլիգարխացման մասին գրառման անձնավորումից»։

«Հասկանալի պատճառներով այս նամակում ես չեմ անդրադառնա Բիձինա Իվանիշվիլիի ակնառու ներդրմանը 2012 թվականին ոչ ժողովրդավարական կառավարման ավարտի եւ 2012 թվականից սկսած հիմնարար դեմոկրատական շարժման ապահովման մեջ:

Ուշադրությունը կհրավիրեմ միայն ոչ ֆորմալ իշխանության բոլորովին անհիմն մեղադրանքի վրա, որն անձամբ ինձ համար հատկապես վիրավորական է։

Խոսակցությունն այն մասին, որ կառավարությունն իրականում ղեկավարում է ոչ թե վարչապետը, այլ մեկուկես տարի առաջ քաղաքականությունից հեռացած անձը, վիրավորական է անձամբ ինձ եւ իմ երկրի համար»,- գրում է Ղարիբաշվիլին։

Վարչապետը նաեւ կշտամբում է ընդդիմությանը, որ նրա «արմատական մասը» բանաձեւն օգտագործում է Վրաստանում բեւեռացվածությունն էլ ավելի խորացնելու համար։

Ղարիբաշվիլին հիշեցրել է նաեւ, որ Եվրախորհրդարանի բանաձեւի պատճառով շվեյցարական բանկը դադարեցրել է Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական փոխանցումները։

Համապատասխանաբար, բանկն օգտագործում է Եվրախորհրդարանի փաստաթուղթը՝ Վրաստանի նախկին վարչապետի օրինական իրավունքները խախտելու համար, ինչը նույնպես վարկաբեկում է երկիրը, եզրակացնում է վարչապետը։

Միեւնույն ժամանակ, Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին «Եվրախորհրդարանի անհիմն կոչին» չաջակցելու համար։

Միաժամանակ նա Եվրահանձնաժողովին կոչ է արել ավելի հստակ դիրքորոշում հայտնել այս հարցում՝ «եվրախորհրդարանի բանաձեւի բացասական ազդեցությունն ամբողջությամբ չեզոքացնելու համար»։

«Եվրահանձնաժողովի կողմից հստակ դիրքորոշման արտահայտումը անհրաժեշտ պայման է, որպեսզի վրաց ժողովուրդն անարդարություն չզգա եվրոպական կառույցների նկատմամբ, իսկ ընդդիմության արմատական թեւը չօգտագործի Եվրախորհրդարանի բանաձեւը՝ բեւեռացում հրահրելու համար»,- ասվում է Ղարիբաշվիլիի նամակում։

«Եվրահանձնաժողովի դիրքորոշման հստակությունը կարեւոր է շահարկումների տեղ չթողնելու, եվրոպական կառույցների նկատմամբ վրաց հասարակության բարձր վստահությունը պահպանելու եւ Վրաստանում բեւեռացվածության աստիճանը նվազեցնելու համար»,- գրում է Ղարիբաշվիլին ֆոն դեր Լյայենին։