Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հայկական ծիրանի եւ սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների մասին։
«Երկու տարի անց ես հատուկ զգացողությամբ եմ հիշում Խաչիկ գյուղի բնակիչներին, որոնք ողջունում էին ինձ այնպես, ինչպես Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» ֆիլմում ողջունում էին Պատրիկ Չեսնեի մարմնավորած պերսոնաժին։
2020թ. Մոսկվայի շուկաներում «ծիրանի պատերազմ» էր։ Մի քանի օր առաջ մենք իմացել էինք, որ այդ գյուղը, որը երեք կողմից սահմանով է շրջապատված՝ առաջնագծի վերածվելով, թիրախ էր դարձել։
Նորավանք այցելող զբոսաշրջիկներ, ցանկանում եմ, որ շեղեք ձեր ճանապարհը, տեսնեք Սարյանի վրձնին արժանի այդ բնապատկերները եւ հայտնվեք Խաչիկում, որտեղ միշտ կլինեք «նա, ում սպասում էին»,- գրել է դեսպանը։
Ջոնաթան Լաքոթը հրապարակել է նաեւ նախորդ գրառումը, որն արել է 2020թ.։ «Հայկական ծիրան։ Շնորհակալություն Խաչիկ գյուղի բնակիչներին, որոնք առաջարկեցին ինձ այդ հիասքանչ ծիրանները (երբ ես ինկոգնիտո անցնում էի այնտեղով)։ Խաչիկը գյուղ է Հայաստանում, որն ամենից մոտն է Նախիջեւանի սահմանին։
Սերժ Ավետիքյանն այնտեղ ֆիլմ է նկարել՝ «Նա, ում սպասում էին»։ Եվ մենք գիտենք ծիրանի գինը»։





























