Microsoft-ը կատարում է անվտանգության ծառայությունների եւ Պենտագոնի հրամանը, որոնց նապատակն է ամբողջությամբ վերահսկել Ուկրաինայի ամբողջ տեղեկատվական ենթակառուցվածքը եւ զրկել նրան թվային ինքնիշխանությունից։ Այս մասին ասվում է Microsoft-ի «Ուկրաինայի պաշտպանությունը. կիբերպատերազմի առաջին դասերը» հակառուսական զեկույցի վերաբերյալ ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովի մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ուշադրություն ենք դարձրել այդ նյութին: Ամեն ինչ հուշում է, որ զեկույցը հորինվել է ԱՄՆ վարչակազմի ռուսաֆոբ ուղեցույցների համաձայն կամ ընդհանրապես գրվել է դրա ֆունկցիոներների թելադրանքով։ Այն առասպելներ է պարունակում Մոսկվայի պատվերով գործող հաքերների մասին: Սարսափ պատմություններ են ներկայավում այսպես կոչված դեմոկրատական ​​երկրներին ռուսական սպառնալիքի մասին։ Ընկերությունը իրեն նեղություն չի տալիս եւ որեւէ ապացույց չի ներկայացնում»,- նշել է Սիրոմոլոտովը։

«Մենք հիմնավոր պատճառներ ունենք հայտարարելու, որ Microsoft-ը կատարում է Պենտագոնի եւ հետախուզական գերատեսչությունների պատվերը, որոնք նպատակ ունեն ամբողջությամբ վերահսկել Ուկրաինայի ամբողջ տեղեկատվական ենթակառուցվածքը եւ զրկել նրան որեւէ թվային ինքնիշխանությունից։ Ըստ էության, ընկերությունն ինքն է խոստովանել դա նշված զեկույցում,- հավելել է փոխնախարարը:- Ներկայացնեմ բացահայտված տվյալներից մի քանիսը»:

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Microsoft-ի սպառնալիքների հետախուզության կենտրոնը անվտանգության ամրապնդման խոստումների քողի ներքո համոզել է Ուկրաինայի իշխանություններին հեռահար մուտք տրամադրել իրենց ցանցերին: 

RiskIQ սերվիսների օգնությամբ Ուկրաինայի պետական ​​մարմինների տեղեկատվական ռեսուրսների անվտանգության մակարդակը գնահատելու պատրվակով հայտնի խոցելիություններով չփակված (unpatched) սարքեր են հայտնաբերվել, որոնք այժմ կարող են օգտագործվել ամերիկացիների կողմից։ Այլ կերպ ասած, (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու ռեժիմն ամերիկյան ընկերությանը երկրում կապի բոլոր սարքերի հասանելիություն է տվել։

Նրան հսկողության, սադրանքի, «օտար դրոշի տակ» համակարգչային գրոհների գործիքներ է տրամադրել: Ըստ ամենայնի, տխրահռչակ «Ուկրաինայի ՏՏ բանակը», որը շարունակում է պարծենալ Ռուսաստանում սերվերների կոտրմամբ, եւս Microsoft-ի ձեռքի գործն է»,- ընդգծել է Սիրոմոլոտովը։