ԱՄՆ-ի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլին հրամայել է չինական զորքերի հետ ԱՄՆ-ի ռազմական փոխգործակցության վերջին հինգ տարվա համակողմանի ուսումնասիրություն կատարել։

Միլին փորձում է մանրամասն պատկերացում կազմել երկու երկրների զինված ուժերի միջեւ փոխգործակցության մասին, հատկապես այն ոլորտներում, որոնք կարող են «անվտանգ» կամ  «պրոֆեսիոնալ» չթվալ՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների կողքին չինական ինքնաթիռների եւ նավերի գործունեության հետ կապված։ Պաշտոնական անձինք CNN-ին տեղեկացրել են, որ նպատակն այն է, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի ցանկացած փոփոխություն չինական ռազմական գործունեության մոդելներում։

«Չինաստանը տնտեսական եւ ռազմական վերելք է ապրում արդեն ավելի քան տասը տարի։ Նա ավելի համարձակ է դարձել Խաղաղ օվկիանոսում»,- ասել է Միլին։ «Կապի բաց գծերի առկայությունը եւ մրցակցության կառավարումը կնվազեցնեն ռազմավարական ռիսկը։ ԱՄՆ-ի զինված ուժերը կենտրոնացած են արդիականացման եւ պատրաստականության ուղղությամբ։ Մեր գործընկերների եւ դաշնակիցների ցանցը ուժի աղբյուր է հանդիսանում»։