Ամերիկյան բաժնեթղթերի իսպառ վաճառքը դեռեւս չի ավարտվել, կարծում է շուկայի վերլուծաբան Մայք Ուիլսոնը։ Morgan Stanley-ի գլխավոր ստրատեգը ասել է, որ այդ բաժնեթղթերի արժեքի վերջերս տեղի ունեցած բարձրացումը, հավանաբար, կթուլանա, քանի որ ընկերությունները ճնշում են զգում ավելի բարձր գնաճի եւ տոկոսադրույքների հետ կապված, գրել է BI-ն։
«Հակաթրենդային ռալլիները կարող են շարունակվել, բայց մոլորության մեջ չընկնեք, մենք չենք հավատում, որ այդ արջի շուկան ավարտվել է, անգամ եթե խուսափենք ռեցեսիայից, որի հավանականությունն ավելանում է»,- ասել է Ուիլսոնը։
Նրա խոսքով՝ այժմ Morgan Stanley-ում կարծում են, որ ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունն առաջիկա 12 ամիսներին կկազմի 36 տոկոս։ Նա նշել է գործազրկության նպաստների հայտերի աճը եւ թափուր տեղերի կրճատումը։
Նա ասել է, որ ընկերության շահույթի աճը, հավանաբար, կտրուկ կընկնի առաջիկա եռամսյակում, եւ որ վերլուծաբանների մեծ մասը չափից ավելի լավատես է ընկերության շահույթի ու շահույթի նորմի հարցում։ «Աշխատուժի, հումքի, պաշարների եւ տրանսպորտային ծախսերի վրա շարունակվող ճնշման համադրումը պահանջարկի դանդաղման հետ մարժայի ռիսկ է ստեղծում, որը, մեր կարծիքով, չի արտացոլվում համաձայնեցված գնահատականներում»,- գրել է Ուիլսոնը։
Morgan Stanley-ն սպասում է, որ այդ ճնշումը կշարունակի ազդեցություն գործել բաժնեթղթերի վրա հաջորդ տարվա ընթացքում։
ԱՄՆ-ի բաժնեթղթերի արժեքը կտրուկ իջել է այս տարի. S&P 500 ինդեքսը նվազել է 18 տոկոսով՝ հունվարի սկզբի առավելագույնի համեմատ։





























