Չինաստանի կառավարությունը երեքշաբթի նախազգուշացրել է, որ «խիստ միջոցներ կձեռնարկի», եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան այն բանից հետո, երբ Financial Times-ը հայտնել էր օգոստոսին նրա այցի մասին:

Փելոսին եւ նրա պատվիրակությունը կայցելեն նաեւ Ինդոնեզիա, Ճապոնիա, Մալայզիա եւ Սինգապուր եւ ժամանակ կանցկացնեն Հավայան կղզիներում՝ ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության շտաբում, նշել է թերթը։

Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդի այցը Թայվան հետաձգվել էր ապրիլին՝ COVID-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունքից հետո։ Չինաստանն այն ժամանակ հայտարարել էր, որ այցը լուրջ ազդեցություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Փելոսիի այցը «լրջորեն կխաթարի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: «Եթե ամերիկյան կողմը շարունակի այդ ճանապարհը, Չինաստանը միանշանակ վճռական քայլեր կձեռնարկի՝ իր ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամուր պաշտպանության համար,- ասել է նա։- Միացյալ Նահանգները կկրի ամբողջ պատասխանատվությունը բոլոր հետեւանքների համար»։

Սպիտակ տունը մտահոգություն է հայտնել ուղեւորության կապակցությամբ, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք անձի: ԱՄՆ վարչակազմում տարաձայնություններ կային այն հարցում՝ արդյո՞ք Փելոսին պետք է այցելի Թայվան։