Բոլոր նշանները վկայում են այն մասին, որ Եվրամիությունը շատ ավելին է կորցնում Ուկրաինայում պատերազմի արդյունքում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Զոլտ Նեմեթը՝ ելույթ ունենալով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համատեքստում պատերազմին նվիրված պանելային քննարկման ժամանակ, փոխանցում է Daily News Hungary-ը։

Նա մատնանշել է եվրոյի թուլացումը, գնաճը եւ էներգակիրների գների աճը, ինչպես նաեւ՝ «քաոսը միջազգային դիվանագիտության մեջ»: «Այս իրավիճակում Կենտրոնական Եվրոպայի երկրները, այդ թվում՝ հունգարա-լեհական հարաբերությունները, ամրության շատ լուրջ փորձության են  ենթարկվում»,- ասել է Նեմեթը՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրներն ուժեղ կմնան միայն այն դեպքում, եթե համագործակցեն եւ միասին ներկայացնեն իրենց շահերը։ 

Ինչ վերաբերում է Ուկրաինային զենքի մատակարարմանը, Նեմեթն ասել է, որ Հունգարիան ու Լեհաստանն այս հարցում հակադիր դիրքորոշումներ ունեն։ Նրա խոսքով՝ Լեհաստանն օգնում է Ուկրաինային զենք ուղարկելով, իսկ Հունգարիան «ակտիվ խաղաղության քաղաքականություն է վարում»՝ փորձելով խաղաղություն պահպանել Անդրկարպատիայում։

Նրա խոսքով՝ Հունգարիայի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներն արդյունք կտան միայն ամիսներ անց, նույնիսկ՝ տարիներ անց, իսկ ուկրաինական պատերազմի հետեւանքներն արդեն զգացվում են ամբողջ եվրոպական մայրցամաքում։ «Մեր ընդհանուր նպատակը անկախ Ուկրաինայի ստեղծումն է, որը Եվրամիության մաս է եւ ինտեգրված է տարածաշրջանին,- ասել է նա:- Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ խաղաղություն հաստատել եւ հրադադարի հասնել»: