Կիեւն ԱԹՍ-ների հարձակումներով սպառնալիք է ստեղծում Ուկրաինայի միջուկային օբյեկտների համար՝ փորձելով միջուկային աղետ հրահրել Եվրոպայում։ Այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը սպասում է ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին ուկրաինացի զինվորականների կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ իր դիմումին:
«Այնտեղ միջուկային օբյեկտների համար սպառնալիքների ստեղծմանն ուղղված սադրանքները շարունակվում են։ Հուլիսի 18-ին Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գրոհեցին Զապորոժյեի ատոմակայանի տարածքը։ Հարվածը հասցվել է անմիջապես կողքին, այսինքն՝ ատոմակայանի անվտանգության համար կարեւոր օբյեկտներից՝ օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանից եւ ռեակտորի հովացման ռեզերվուարներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Միայն բախտի բերմամբ դա կայանի սարքավորումների վնասման եւ տեխնածին աղետի չհանգեցրեց»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ «Հուլիսի 20-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում հարվածները կրկնվել են»։ «Դա հաստատում է Ուկրաինայի իշխանությունների կենտրոնացումը ոչ միայն իրենց տարածքում, այլեւ ողջ Եվրոպայում միջուկային աղետի համար նախադրյալներ ստեղծելու վրա»,- հավելել է Զախարովան։
«Կիեւի ռեժիմի նման վարքագծի հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը (կկրեն) ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Զելենսկու հանցավոր ռեժիմին ռազմական աջակցություն ցուցաբերող պետությունները։ Այս եւ այլ հանցագործությունների համար մեղավորները՝ Կիեւի ռեժիմը, պետք է բացահայտվեն եւ պատշաճ պատիժ կրեն»,- հավելել է նա։





























