Գերմանիայում գազի սահմանափակումն ամենալուրջ կերպով կազդի մետաղի արտադրության եւ վերամշակման, քիմիական եւ թղթի արդյունաբերության վրա՝ «Հյուսիսային հոսք-1»-ի մատակարարումների անորոշության համատեքստում, տեղեկացրել է Reuters-ը։
Գազի մատակարարումների սահմանափակումը կարող է ազդել նաեւ պակաս էներգատար, բայց տնտեսապես կարեւոր ճյուղերի վրա՝ վերամշակման ապրանքների անբավարարության պատճառով, ասել են ZEW տնտեսական ինստիտուտում, որը կազմել է վերլուծություն Գերմանիայում Ընտանեկան բիզնեսի հիմնադրամի անունից։
Ինստիտուտում ավելացրել են, որ տեքստիլ եւ կերամիկական արդյունաբերությունը նույնպես շատ են կախված գազից։
Գերմանիան պետք է պահպանի իր կարգավիճակը մատակարար ձեռնարկությունների համար. «Ինդուստրիալացումից հրաժարվելով մենք գազից կախվածությունը կփոխարինենք ներմուծվող այլ ապրանքներից նոր կախվածությամբ», ասել են այս ինստիտուտում։
Հինգշաբթի Դաշնային վիճակագրական վարչության հրապարակած տվյալներն ընդգծում են Գերմանիայի կախվածությունը բնական գազից, որը էներգիայի հիմնական աղբյուրն էր արդյունաբերության համար 2020թ., երբ նրան բաժին էր ընկնում սպառման 31,2 տոկոսը։
2021թ. բնական գազի 95 տոկոսը Գերմանիայում ներմուծվել է, ավելացրել են գերատեսչությունում։
Գերմանիան այդ ժամանակվանից փորձում է էներգառեսուրսների ռուսական ներմուծման այլընտրանք գտնել։
Գազի ճգնաժամն էլ ավելի սրացավ հուլիսի 11-ին, երբ «Հյուսիսային հոսք-1»-ը ժամանակավորապես դադարեց գործել տեխնիկական սպասարկման պլանային աշխատանքների պատճառով։
Մատակարարումները վերականգնվել են հինգշաբթի, հուլիսի 21-ին։




























