Հինգշաբթի օրը Իսրայելի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել այն մարդկանց, որոնք խախտում են պետության հանդեպ հավատարմությունը, ինչպես նաեւ ահաբեկչական, լրտեսական կամ դավաճանական գործողություններ են կատարում, հաղորդում է Reuters-ը:
Վճիռը վերաբերում է Իսրայելի քաղաքացիության մասին 2008 թվականի օրենքին, որը պետությանը իրավունք է տալիս քաղաքացիությունից զրկել այն գործողությունների հիման վրա, որոնք իրենցից «հավատարմության խախտում» են ներկայացնում:
Այս որոշումը կայացվել է պաղեստինյան ծագումով իսրայելցի երկու քաղաքացիների գործերով առանձին բողոքարկումների կապակցությամբ, որոնց մեղադրել են ահաբեկչական հարձակումների մեջ, որի հետեւանքով Իսրայելի քաղաքացիներ են սպանվել: Նրանք դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, սակայն պետությունը փորձել է զրկել նրանց քաղաքացիությունից։
Գերագույն դատարանը մերժել է այս երկու գործերով քաղաքացիությունից զրկելը «լուրջ դատավարական թերությունների» հիմքով, սակայն որոշել է, որ պրակտիկան ինքնին սահմանադրական է, նույնիսկ եթե դրա արդյունքում մարդը զրկվում է քաղաքացիությունից: Ըստ դատարանի՝ նման դեպքերում ՆԳ նախարարը պետք է մշտական բնակության թույլտվություն տրամադրի։
Իսրայելի Քաղաքացիական իրավունքների ասոցիացիայի եւ արաբական իրավապաշտպան Adalah խմբի համատեղ հայտարարության մեջ, ի պատասխան դատարանի որոշման, օրենքը խտրական է անվանվել, եւ ասվում է, որ այն «հավանաբար կօգտագործվի բացառապես Իսրայելի պաղեստինցի քաղաքացիների դեմ»:





























