Ռազմական նավերին, ինքնաթիռներին եւ անօդաչուներին կարգելվի  մոտենալ Ուկրաինայից սննդամթերքի արտահանման միջանցքին որոշակի հեռավորության վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ի`  «պարենային գործարքի» բովանդակությանը ծանոթ աղբյուրը:

Նրա խոսքով՝ ցանկացած սադրանք ու միջադեպ կանխելու համար ծովային հումանիտար միջանցքով նավերի տեղաշարժը կողմերի (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա) կողմից կվերահսկվի հեռավար կարգով։

«Ոչ մի ռազմանավ, ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք չի կարող ծովային հումանիտար միջանցքին մոտենալ Համատեղ համակարգման կենտրոնի համաձայնեցված հեռավորությունից ավելի մոտ, ինչպես նաեւ՝ առանց կենտրոնի թույլտվության եւ առանց բոլոր կողմերի հետ նախնական խորհրդակցությունների»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Թուրքիան անվտանգության առավելագույն երաշխիքներ կտրամադրեն համաձայնագրի շրջանակներում ներգրավված բոլոր նավերի համար։ Նա հայտնել է, որ համաձայնագրի նպատակն է անվտանգ նավարկություն ապահովել Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Յուժնի նավահանգիստներից հացահատիկի եւ դրանց հետ կապված պարենային ապրանքների եւ պարարտանյութերի, այդ թվում՝ ամոնիակի արտահանման համար։