Գերմանիան չի բացառում Ուկրաինա տանկերի այսպես կոչված շրջանաձեւ մատակարարումների ձախողումը, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեհաստանի հետ, եւ ցանկանում է զվաղվել այլընտրանքների որոնմամբ։ Այս մասին Bild թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

«Եթե այս ուղին սխալ էր, ապա մենք պետք է մտածենք իրավիճակի մասին եւ տեսնենք, թե ինչպես կարող ենք ակտիվորեն նպաստել այլ ձեւերով»,- ասել է Բերբոքը:

Ընդ որում, Անալենա Բերբոքը նշել է, որ սարքավորումների փոխանակումը նախաձեռնվել է, «քանի որ այն ժամանակ դա լավագույն եւ օպերատիվ միջոցն էր թվում»։

Այժմ Գերմանիայի կառավարությունը պետք է որոշի, թե ինչո՞ւ նման փոխանակում « տեղի չի ունենում» եւ արդյո՞ք Գերմանիան պետք է «այլ աջակցություն ցուցաբերի» այս պայմաններում։

Բերբոքը հերքել է Լեհաստանի կառավարության կողմից տրված խոստումների մասին մեղադրանքները: «Նման իրավիճակում ոչ ոք չի խաբի իր եվրոպացի հարեւաններին։ Հենց սկզբից պարզ էր, որ մենք մեկ գիշերում բոլոր տանկերը փոխարինել չենք կարողանա»,- ասել է նա։

Գերմանիան չի կարող նոր զրահափոխադրիչներ մատակարարել, որոնք Բունդեսվերը չունի, ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։ Մյուս տեսակի սարքավորումները, սակայն, կարող են անմիջապես առաքվել, ասել է Բերբոքը:

Զենքի շրջանաձեւ մատակարարումներն արեւմտյան զենքի փոխանցումն է ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական գործընկերներին, որոնք իրենց զինանոցում դեռ խորհրդային արտադրության ռազմական տեխնիկա ունեն՝ ուկրաինական բանակին մատակարարվողների դիմաց:

Համապատասխան բանաձեւը Բունդեսթագն ընդունել է ապրիլի 28-ին՝ ինչպես կառավարական կոալիցիայի կուսակցությունների, այնպես էլ պահպանողական ընդդիմության ձայներով, գրում է Deutsche Welle-ն։