Եվրամիությանը նոր ռազմավարություն է անհրաժեշտ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, քանի որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները չաշխատեցին, շաբաթ օրը հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Reuters-ը։

«Նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որը պետք է կենտրոնանա խաղաղության բանակցությունների եւ խաղաղության լավ առաջարկի մշակման վրա... պատերազմում հաղթելու փոխարեն»,- ասել է Օրբանը Ռումինիայում ելույթի ժամանակ:

Իր ելույթում նա նաեւ նշել է, որ Արեւմուտքի ռազմավարությունը կառուցված է չորս հենասյուների վրա. առաջինը, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում ՆԱՏՕ-ի զենքով, որ պատժամիջոցները կթուլացնեն Ռուսաստանին եւ կապակայունացնեն դրա ղեկավարությունը, որ պատժամիջոցներն ավելի շատ կվնասեն Ռուսաստանին, քան Եվրոպային եւ որ աշխարհը կշարվի ի պաշտպանություն Եվրոպայի:

Օրբանն ասել է, որ ռազմավարությունը ձախողվել է, քանի որ Եվրոպայում կառավարություններն ընկնում են «դոմինոյի պես», էներգակիրների գները բարձրացել են, եւ նոր ռազմավարություն է անհրաժեշտ:

«Մենք նստած ենք մեքենայի մեջ, որի բոլոր չորս անվադողերը ծակ են. միանգամայն պարզ է, որ պատերազմն այս կերպ հնարավոր չէ հաղթել», - ասել է Օրբանը:

Նա հավելել է, որ Ուկրաինան «այս կերպ երբեք չի հաղթի պատերազմում միայն այն պատճառով, որ ռուսական բանակն ասիմետրիկ գերազանցություն ունի»։