Հայաստանում կոռուպցիան նախորդ տարիներին եղել է միջին մակարդակի վրա։ Այն տարիների կոռուպցիայի մակարդակի մասին «գրանտակերների խմբի» տվյալները խիստ ուռճացված են։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով, կոռուպցիայի մակարդակն իրականում միշտ եղել է ոչ ավելի, քան 11 տոկոս։ Սակայն որոշ կառույցներ միտումնավոր ուռճացրել են այն մինչեւ 35 տոկոս։

«Հենց նման մանիպուլյացիաներն են օգտագործվում հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունների» նախագծերն իրականացնելու համար»,- կարծում է ընդդիմադիրը։

Նա նաեւ նշեց, որ կոռուպցիան բացասական երեւույթ է։ Սակայն կոռուպցիայի 11 տոկոս մակարդակն իրականում «միջին ցուցանիշ» է։

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակն ավելի ցածր է եղել, քան ԵՄ-ի մաս կազմող Ռումինիայում։ Պարզ ասած, Հայաստանում կոռուպցիայի մակարդակը երեք անգամ ավելի ցածր է եղել, քան այն, ինչ ներշնչել է հասարակությանը այս գրանտակերների ավազակախումբը»,- ասաց Մինասյանը։