ԱՄՆ-ում եպիսկոպոսին թալանել են քարոզի ժամանակ՝ գողանալով 1 միլիոն դոլարի թանկարժեք իրեր։ Եպիսկոպոս Լամոր Միլլեր-Ուայթհեդը, որը շքեղ ապրելակերպ էր վարում եւ նրան հաճախ կարելի էր տեսնել Նյու Յորքում իր Rolls-Royce-ով շրջելիս, քարոզ կարդալիս է եղել, երբ ներս են մտել երեք կողոպտիչներ։ Նրանք ցույց են տվել զենքերը եւ պահանջել են Միլլեր-Ուայթհեդի եւ նրա կնոջ զարդերը։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Միլլեր-Ուայթհեդը եկեղեցի ավազակների մտնելուց րոպեներ առաջ հարցնում իր հավատացյալներին. «Ձեզանից քանի՞սն են կորցրել հավատը, երբ տեսել են, թե ինչպես է մահանում մեկ ուրիշը»։
Այնուհետեւ երեւում է, թե ինչպես է նա ծնկի գալիս եւ մի քանի անգամ կրկնում «լավ, լավ», նախքան սեւ գլխարկով ատրճանակով տղամարդը հայտնվում է կադրում: Այնուհետեւ երեւում է, որ տղամարդը, որը նաեւ սեւ դիմակ է կրում, մոտենում է Միլլեր-Ուայթհեդին, որը թաքնվել էր ոսկեզօծ ամբիոնի հետեւում, եւ եպիսկոպոսի թանկարժեք զարդերը լցնում գրպանները:
Միլլեր-Ուայթհեդն ասել է, որ կողոպտիչները պոկել են իր օձիքը, որպեսզի բռնեն իր շղթան, եւ ատրճանակը պահել են իր մանկահասակ դստեր դեմքին՝ գողանալով կնոջ զարդերը:
Instagram-ում հրապարակված տեսանյութում Միլլեր-Ուայթհեդն ասում է, որ ինքը զգացել է, թե ինչպես է «դիվային ուժը» մտնում եկեղեցի, եւ վստահ չի եղել՝ «ավազակները ցանկանում էին սպա՞նդ անել եկեղեցում, թե՞ պարզապես եկել էին թալանելու»: Նա ասել է, թե երախտապարտ է, որ ոչ ոք չի տուժել:
44-ամյա Միլլեր-Ուայթհեդը 2013-ին՝ անձնական տվյալների գողության եւ խոշոր կողոպուտի համար 5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո ստեղծել է Leaders of Tomorrow International Ministries կազմակերպությունը: Միլլեր-Ուայթհեդը պնդում է, որ իրեն անօրինական են դատապարտել:





























