Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը խախտել է ՀՀ սահմանադրական կարգը: «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ դատավորը կարող է արձակուրդ վերցնել եւ զբաղվել քաղաքական գործունեությամբ»,- ասված է «Գերագույն խորհուրդ»-պատգամավորական ակումբ ՀԿ-ի հոկտեմբերի 23-ին տարածած հայտարարության մեջ:

Անդրադառնալով ՍԴ նախագահի՝ նախօրեին արված հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի «համահայկական» շրջագայությանն ինքը մասնակցել է արձակուրդի ժամանակ եւ որպես «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ, ՀԿ-ն նշում է, որ «ՍԴ նախագահը, խախտելով սահմանադրական կարգը, շուրջ մեկ շաբաթ զբաղվել է ՀՀ արտաքին քաղաքականության քարոզչությամբ, այդ թվում, նախապես կարծիք է հայտնել ՍԴ-ում քննվելիք գործի վերաբերյալ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրա լիազորությունների դադարեցման համար»:

«ԳԽ պատգամավորական ակումբը» նաեւ արձանագրում է, որ սխալ են այն լուրերը, թե ՍԴ նախագահը Սերժ Սարգսյանին ուղեկցելու ժամանակ քարոզչությամբ չի զբաղվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից 7-ը Հայաստանի նախագահը համահայկական ուղեւորություն էր իրականացնում աշխարհի հայաշատ քաղաքներով, եւ շրջագայության ժամանակ նրան ուղեկցում էր նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: