Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի նախագահ Ռոման Մուրադյանի նախաձեռնած մեծարման երեկոյի ժամանակ աշխարհում Հայաստանի դրոշը բարձր պահած մարզիկներ՝ Մալխաս Ամոյանին, Ազատ Հովհաննիսյանին, Էրիկ Պետրոսյանին, Գուրգեն Հովհաննիսյանին, Մակսիմ Մանուկյանին եւ Վալոդյա Ֆրանգուլյանին հանձնվեցին անվանական հուշամեդալներ, սերտիֆիկատներ և դրամական պարգևներ։
Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին ԱՄՆ-ում՝ Ռոման Մուրադյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի գործունեությունը միտված է համախմբելու աշխարհասփյուռ հայ մարզիկներին: Հիմնադրամի կարևորագույն նպատակներից է՝ հայրենիքում բարձրացնել համաշխարհային ճանաչում ունեցող հայ մարզիկների ճանաչելիությունը, նպաստել նրանց հեղինակության և համբավի տարածմանը: Կարևորագույն նպատակներից է նաև՝ աջակցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
«Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում լավագույն ուսանողներին պարգևատրում ենք՝ դրամական պարգևներ Ալբերտ Ազարյանի, Արթուր Ալեքսանյանի, Արթուր Աբրահամի, Ստեփան Սարգսյանի, Յուրի Բաբայանի.. .Յոթ անվանակարգ կա։ Տղաները ստանում են, երիտասարդները ոգևորվում։ Նպատակը այն է, որ իրենք էլ դառնան ազարյաններ, ալեքսանյաններ»,- նշում է հիմնադրամի հիմնադիրը։
Երեկոյին ներկա էին մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչներ, հիմնադրամի գործունեության աջակիցներ և ընկերներ:





























