Գերմանիայի քաղաքներն անջատում են լուսարձակները հանրային հուշարձանների վրա, անջատում են շատրվանները եւ տաք ջուրը քաղաքային լողավազաններում եւ մարզադահլիճներում, քանի որ երկիրը փորձում է նվազեցնել էներգիայի սպառումը գազի ճգնաժամի պայմաններում, գրում է The Guardian-ը:
Հանովերը դարձել է առաջին խոշոր քաղաքը, որը հայտարարել է էներգախնայողության միջոցառումների մասին, այդ թվում՝ տաք ջրի անջատման մունիցիպալ շենքերում եւ ժամանցի կենտրոններում:
Ներքին Սաքսոնիայի նահանգի մայրաքաղաքի մունիցիպալ շենքերը կջեռուցվեն միայն հոկտեմբերի 1-ից մարտի 31-ը 20°C-ից ոչ բարձր սենյակային ջերմաստիճան, իսկ շարժական օդորակիչների եւ ջեռուցիչների օգտագործումն արգելված է։ Մանկապարտեզները, դպրոցները, ծերանոցները եւ հիվանդանոցները պետք է ազատվեն խնայողության միջոցներից.
«Իրավիճակն անկանխատեսելի է,- ասել է «Կանաչների» կուսակցությունից քաղաքապետ Բելիտ Օնայը:- Յուրաքանչյուր կիլովատ/ժամը հաշված է, եւ կարեւորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի»:
Հանովերի 15 տոկոս խնայողությունների նպատակը համահունչ է Եվրոպական հանձնաժողովի կողմից պահանջվող կրճատմանը: Գերմանիան, որն ավելի շատ է կախված ռուսական գազի ներկրումից, քան մյուս եվրոպական երկրները, ստիպված է շտապել։
Չորեքշաբթի երեկոյան Բեռլինում մոտ 200 պատմական հուշարձաններ եւ քաղաքային շենքեր մթության մեջ հայտնվեցին, երբ քաղաքն անջատեց լուսարձակները՝ էլեկտրաէներգիան խնայելու համար:
Գերմանիան ներկրվող գազի մեծ մասն օգտագործում է տների տաքացման եւ իր խոշոր արդյունաբերության ապահովման համար: Թեեւ հունիսին գործարկված էներգետիկ արտակարգ իրավիճակների ծրագիրը թույլ է տալիս կոմունալ ընկերություններին գազի բարձր գները տեղափոխել սպառողների վրա, Գերմանիայում մասնավոր տնային տնտեսությունների մեծ մասը ֆիքսված կանխավճարներով է վճարում գազի իրենց հաշիվները եւ դեռ չի բախվել այնպիսի կտրուկ աճի հետ, որը կփոխեր սպառողների վարքագիծը:
Հինգշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ հաճախորդների համար նախատեսված գազի հավելավճարը կարող է շատ ավելի բարձր լինել, քան ակնկալվում էր՝ առաջիկա ամիսներին էներգետիկ ընկերություններին սնանությունից փրկելու համար:
«Մենք դեռ չենք կարող ասել, թե որքան կարժենա գազը նոյեմբերին, բայց վատ նորությունն այն է, որ դա հաստատ մի քանի հարյուր եվրո կկազմի մի ընտանիքի համար»,- ասաց էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:
Գերմանիան գազն օգտագործում է նաեւ էլեկտրաէներգիայի իր կարիքների մոտ 15 տոկոսի արտադրության համար, եւ հենց այստեղ են մունիցիպալ իշխանությունները որոշել համեմատաբար անցավ խնայել:
Մյունխենն այս շաբաթ հայտարարեց, որ կանջատի լուսարձակները Մարիենպլաց հրամարակում, որը սովորաբար լուսավորված է մինչեւ ժամը 23:00-ը, եւ քաղաքապետարանի գրասենյակներում հասանելի կլինի միայն սառը ջուր: Շատրվանները գիշերը եւս կանջատվեն:
Նյուրնբերգը փակում է քաղաքի չորս փակ լողավազաններից երեքը, մինչդեռ բաց լողավազանները բաց կլինեն մինչեւ սեպտեմբերի 25-ը։
Ապրիլին Բեռլինը հայտարարել էր ամառային սեզոնի ընթացքում բացօթյա լողավազանները ստանդարտ ջերմաստիճանից երկու աստիճանով ցածր պահելու միջոցների մասին:





























