Պորտուգալիայի դատախազությունը 10 հետաքննություն է սկսել կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի առնչությամբ։ Սա առաջին նման քայլն է այն բանից հետո, երբ յոթ ամիս առաջ ստեղծվել է այդ մեղադրանքները հետաքննող հանձնաժողով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Կաթոլիկ հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը հետաքննող հանձնաժողովը հունվարին իր աշխատանքը սկսելուց ի վեր հավաքել է մոտ 350 վկայություն եւ հայտարարել, որ այդ թիվը «այսբերգի գագաթն է»:

Ենթադրյալ հանցագործությունների մեծ մասը կատարվել է տասնամյակներ առաջ եւ վաղեմության ժամկետի պատճառով հնարավոր չէ հետաքննել, սակայն հանձնաժողովը 17 վկաների ցուցմունք է ներկայացրել դատախազներին։

Այս ցուցմունքների հիման վրա դատախազությունը 10 հետաքննություն է սկսել՝ հավելելով, որ դրանցից 7-ը ընթացքի մեջ են է, իսկ երեքը կարճվել են ապացույցների բացակայության, վաղեմության կամ արդեն իսկ քննության ենթարկված լինելու պատճառով։

Պորտուգալական հանձնաժողովը ստեղծվել է այն բանից հետո, երբ անցյալ տարի ֆրանսիական հանձնաժողովի զեկույցը պարզել է, որ վերջին 70 տարիների ընթացքում մոտ 3 հազար հոգեւոր գործիչներ սեռական բռնության են ենթարկել ավելի քան 200 հազար երեխաների: