«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ փաստաբանները լրատվամիջոցներին են տրամադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի թիվ 15 օրդերի պատճենը, ըստ որի «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ (պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին) ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը 2009թ. փետրվարի 19-ին կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4 մլրդ 219 մլն 432 հազար ՀՀ դրամ, ինչպես նաեւ նույն ԴԱՀԿ ծառայության թիվ 17 ելքի օրդերի պատճենը, ըստ որի՝ նույն ներկայացուցիչը ապրիլի 2-ին այդ ողջ գումարը ետ է ստացել` առանց համապատասխան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի: «Այս նյութերն ի վերջո տրամադրվեցին այն ժամանակ, երբ „Բջնի“ ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսվեց: Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատարանում է արդեն երկար ժամանակ գտնվում վարչական գործն ըստ հայցի „Բջնի“ ընկերության ընդդեմ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթի նյութեր տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին: Նյութերը տրամադրվել են հոկտեմբերի 20-ին վեց հատորի տեսքով` ընդհանուր 2115 թերթ»,- նշում են «Բջնիի» փաստաբանները՝ նկատելով, որ կատարողական վարույթի նյութերում մուտքի եւ ելքի օրդերների բնօրինակներ չեն եղել:
Ըստ փաստաբանների՝ այդ մուտքի եւ ելքի օրդերների պատճեններն արդեն ավել մեկնաբանությունների տեղիք չեն տալիս: Սրանով պարզ է դառնում, որ գումարի փոխարեն փաստաթղթային մուտք եւ ելք է կատարվել: Այդ ահռելի գումարը, առնվազն պետք է բանկային փոխանցումով կատարվեր: Իսկ վճարվելուց հետո էլ ԴԱՀԿ ծառայությունը առնվազն պետք է սպասեր, որ աճուրդն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը մտներ օրինական ուժի մեջ, որից հետո նոր գումարը վերցներ:
«Եվ ինչ հետաքրքիր վիճակ է ստացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության այս հապճեպ քայլից հետո, „գումարը“ հետ է վերադարձվել, իսկ „Բջնի“ ընկերության անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դեռեւս գրանցված էր „Արմենիա Ռոյալ Սիգարետ“ ՓԲԸ անունով, ինչը շատ երկար ժամանակ այդպես էլ մնացել էր: Ինչպես տեսնում ենք ապօրինությունը ապօրինության հետեւից է կատարվում»,- արձանագրել են ընկերության փաստաբանները եւ հավելել, թե մտադիր են համապատասխան հարցումներ ուղղել իրավասու մարմիններին, պարզելու համար, թե ինչ հիմքերով է այդ գումարը կանխիկ վճարվել, այդ ծավալի գումարն իրոք վճարվել է, ով է վճարել, ով է ընդունել եւ ինչու է ԴԱՀԿ ծառայության դրամարկղում այդ գումարը 1,5 ամսից ավել պահվել եւ որտեղ է պահվել:
Հիշեցնենք, որ «Բջնին» պատկանում էր գործարար Խաչատուր Սուքիասյանին: Երբ վերջինս համարձակվեց իր աջակցությունը հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընկերության դեմ հարկային տեռոր սկսվեց եւ այն վերցրին սեփականատիրոջ ձեռքից: Նախապես ընկերությունն աճուրդով գնել էր Ռուբեն Հայրապետյանը, սակայն ամիսներ անց ետ էր վերադարձրել:




























