Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները նշել են, որ ֆեմինիստական հայացքների տեր մայրերն ու նրանց դուստրերն ավելի առողջ պատկերացում ունեն մարմնի մասին, քան նրանք, որոնք այդպիսի հայացքներ չունեն։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Body Image ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են 169 մայրիկ եւ նրանց դուստրերը։ Կանանց հարցնելու փոխարեն, թե արդյոք նրանք ֆեմինիստներ են, գիտնականները նրանց խնդրել են լրացնել թերթիկներ, որոնք օգնել են գնահատել՝ արդյո՞ք հետազոտության մասնակիցները ֆեմինիստական արժեքների հետեւորդներ են։ Նրանց նաեւ հարցրել են, թե որ բառերն են հարմար համարում իրենց մարմինների համար։ Պարզվել է, որ ֆեմինիզմի կողմնակից կանայք ավելի դրական են արտահայտվել իրենց մարմնի մասին եւ այդպիսի վերաբերմունք են դաստիարակել նաեւ իրենց դուստրերի մեջ։
Հատկանշական է, որ հետազոտության մասնակից մայրերի մեծ մասը մեծացել է 1970-80-ական թթ., երբ «բոդիպոզիտիվ» տերմինը դեռեւս գոյություն չուներ, ինչը բացառում է պարզապես «մոդային տուրք տալու» հավանականությունը։ Գիտնականների ստացած արդյունքները ցույց են տվել, որ մայրերը կարող են օգնել իրենց դուստրերին առողջ վերաբերմունք ձեւավորել իրենց մարմնի հանդեպ։ Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ արտաքինի մասին բացասական մեկնաբանությունները կապված էին դեպրեսիայի, սննդային վարքի խանգարումների եւ դիսմորֆոֆոբիայի բարձր ռիսկի հետ։




























